Որքան և ում են վարկավորում Հայաստանի վարկային կազմակերպությունները |hetq.am|
10:54 - 29 հունվարի, 2020

Որքան և ում են վարկավորում Հայաստանի վարկային կազմակերպությունները |hetq.am|

hetq.am։ Հայաստանում վարկերի մասին վիճակագրությունը ներկայացնելիս սովորաբար շեշտվում են բանկերը։ Սակայն բացի նրանցից, վարկավորման հարցում ակտիվ են նաև վարկային կազմակերպությունները։ Չնայած գործող վարկային կազմակերպությունների թիվը (39) ավելի քան կրկնակի գերազանցում է բանկերի թվին (17), սակայն վարկերի ծավալներով վարկային կազմակերպությունները մի քանի անգամ զիջում են բանկերին։

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած վերջին տվյալներից, այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 476 մլրդ դրամ։

2018 թվականի նոյեմբերի վերջի համեմատ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերն աճել են մոտ 84 մլրդ դրամով կամ 21.4 %-ով։ Աճի հիմնական մասն ապահովել են սպառողական ու ֆինանսական ոլորտին տրված վարկերը։ 84 մլրդ դրամի աճը դեռևս չի նշանակում, որ տարվա ընթացքում վարկային կազմակերպությունները միայն այդքան վարկ են տրամադրել, քանի որ տրամադրվող վարկերին զուգահեռ քաղաքացիները նաև մարում են հին վարկերը։ Այսինքն՝ 476 մլրդ դրամը նոյեմբերի վերջի դրությամբ գրանցված ցուցանիշն է։

Համեմատության համար նշենք, որ բանկերի տրամադրած վարկերի ծավալը նույն ամսվա դրությամբ կազմել է 3 տրլն 427 մլրդ դրամ։

Վարկային կազմակերպությունների վարկերի կազմում գերակշռում են ՀՀ դրամով վարկերը։ Մասնավորապես, 73.1 %-ը՝ ՀՀ դրամով վարկերն են, իսկ 26.9 %-ը՝ արտարժույթով վարկերը։ Արտարժույթով վարկերի կազմում էլ հիմնականում ԱՄՆ դոլարով վարկերն են։

Վարկային կազմակերպություններն առավել ակտիվ ֆինանսավորում են ֆինանսական ոլորտը. երկրորդ տեղում սպառողական վարկերն են

Վարկային կազմակերպությունների վարկերի կազմում ծավալով առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտն է։ Նոյեմբերի վերջի դրությամբ այս ոլորտին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 173 մլրդ դրամ. մեծ մասը դրամով վարկերն են։ Դա կազմում է վարկային կազմակերպությունների վարկային ամբողջ պորտֆելի 36.4 %-ը։ Ընդ որում, 2018 թվականի նոյեմբերի վերջի համեմատ տեսանելի աճ կա ֆինանսական ոլորտին տրված վարկերի գծով։ Աճը կազմել է 28.9 մլրդ դրամ կամ 20 %։ Նաև հատկանշական է, որ այստեղ գերակշիռ մասը բանկերին տրամադրվող վարկերն են։ Նախորդ տարիների վիճակագրությունը ևս փաստում է, որ ֆինանսական և ապահովագրական ոլորտը վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռն է զբաղեցրել։

Հաջորդ տեղում սպառողական վարկերն են՝ 95.5 մլրդ դրամ, և գրեթե ամբողջը ՀՀ դրամով վարկերն են։ 2018 թվականի նոյեմբերի վերջի համեմատ սպառողական վարկերն ավելացել են 21.2 մլրդ դրամով կամ 28.6 %-ով։

Վարկերի ծավալով երրորդ տեղում գյուղատնտեսությունն է։ Այս ոլորտին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 64 մլրդ դրամ։

Համեմատաբար տեսանելի կշիռ ունեն նաև առևտրի ոլորտին տրված վարկերն ու հիպոթեքային վարկերը։

Իսկ, օրինակ, կրթության, գիտության, կապի և այլ ոլորտներին վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորումը շատ թույլ է։

Համեմատության համար նշենք, որ բանկերի վարկերի ծավալում այսօր ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական վարկերը, հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտին տրվող վարկերը։ Վերջին մեկ-մեկուկես տարում բանկերը սկսել են արագ տեմպերով ավելացնել սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները, որը մեր տնտեսության համար բավականին մտահոգիչ միտում է։

Շարունակությունը՝ hetq.am-ում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել