Եթե Սորոսի հիմնադրամն այդքան վատ բան էր, ինչո՞ւ նախկին իշխանությունները չէին փակում․ Նիկոլ Փաշինյան
12:02 - 25 հունվարի, 2020

Եթե Սորոսի հիմնադրամն այդքան վատ բան էր, ինչո՞ւ նախկին իշխանությունները չէին փակում․ Նիկոլ Փաշինյան

Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը «Իրավունք» թերթի լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանության վերին օղակներում կան սորոսականներ, և վարչապետը զգուշանում է սորոսականներց, հարցով պատասխանեց․

«Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաց հասարակությունների հիմնադրամի գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով և գործել է նաև այն իշխանության ժամանակ, որի ներկայացուցիչ է եղել «Իրավունք» թերթի հիմնադիր խմբագիրը (Հայկ Բաբուխանյանը- խմբ․)։

«Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել։ Այդ գրասենյակի գոյության ողջ ընթացքի 5 %-ը մեր իշխանության շրջանում է, 95%-ը ձեր իշխանության շրջանում է։ Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, կա՛մ նախկին իշխանության մեջ տեղ են ունեցել, կա՛մ թիմի անդամ են եղել։ Դուք հիմա փաստորեն խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել՝ 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաինյանը նշեց, թե ինքը թույլ չի տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին այդպիսի քամահրական ու արհամարհական բան ասեն, որովհետև բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են և պետական դավաճաններ, որոնք այդ կառույցին թույլ են տվել Հայաստանում հիմնադրվել, գրանցվել, գործունեություն ծավալել։

«Ուրեմն եկեք հետաքննություն սկսենք, թե այդ մարդկանցից քանիսն է գրանտ ստացել այդ կազմակերպություններից, ինչքան են սնվել ընդհանրապես միջազգային կազմակերպություններից։ Եվ գնացե՛ք, այդ հարցերի պատասխանը Ձեր լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից պահանջե՛ք, և ասե՛ք․ որ եթե ձեր ասածը ճիշտ է, ուրեմն դուք ձեր իշխանության ողջ ընթացքում գործել եք ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։Դա նշանակում է, որ դուք չունեք սրբություն ընդհանրապես, ձեզ համար ամեն ինչ չափվում է փողով, դուք արել եք դա, որ այդ միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, ձեր մասին ավելի մեղմ միջազգային զեկույցներ գրեն, ձեր ընտրակեղծիքների, ձեր բաժանած և հավաքած կաշառքների նկատմամբ աչք փակեն»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել