armtimes.com։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Քրեակատարողական ծառայության աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոսով:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ Քրեակատարողական ծառայությունում առկա է 170 թափուր հաստիք, հիմնականում կրտսեր խմբի աշխատողների մասին է խոսքը, որն ամենառիսկային աշխատանքն է եւ խոցելի՝ կոռուպցիոն առումով։
«Այժմ կրտսեր աշխատողը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում է ամենառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը՝ 20 տարվա ստաժով՝ 317 հազար դրամ աշխատավարձ, եւ պարգեւատրման գումարն էլ 400 հազար է: Սա առաջին հայացքից վկայում է բարձր ռիսկերի մասին»,- նշեց Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց այս որոշումը, հատկապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով։
Նա անդրադարձավ նաեւ Քրեակատարողական հիմնարկներում սննդի նոր կարգին. «Սա այդ մարդկանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթեւացում է։ Այսօր մենք ունենք բազմաթիվ թափոււր աշխատատեղեր, եւ պատճառն էլ այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկը՝ բարձր, եւ այս որոշումը նշանակում է, որ դե ֆակտո մենք նոր աշխատատեղեր ենք ստեղծում։ Սա իսկապես կարեւոր որոշում է»:
comment.count (0)