Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայություններն ընդլայնվում են
Այս տարվա ապրիլին կհրապարակվեն ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման առաջին արդյունքները, որոնք հասանելի կդարձնեն ընտանեկան բռնության դեպքերի շատ ավելի համապարփակ վիճակագրության պատկերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև ամփոփել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունների ընդլայնման միջանկյալ արդյունքները։
2019-ին Երևանում և երեք մարզերում տեղակայված նախարարության ենթակայության վեց ՊՈԱԿ-ների կողմից աջակցություն է ցուցաբերվել շուրջ 700 հոգու։ Դեպքերի 56․5%-ը ֆիզիկական բռնության դեպքեր են եղել, 15․1%-ը՝ հոգեբանական բռնության, 4.1%-ը՝ անտեսման, 23.5%-ը՝ համակցված բռնության։ Շահառուների 65․2%-ը կանայք են, 30․7%-ը՝ երեխաներ։
2019-ի ընթացքում, Հայաստան համահայկական հիմնադրամի և Կանանց աջակցման կենտրոնի աջակցությամբ իրականացվել է մարզային հկ-ների քարտեզագրումը, վերապատրաստումը, անցկացվել են մրցույթներ, որոնց արդյունքներով բոլոր մարզերում ստեղծվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ՝ հկ-ների հետ համագործակցությամբ՝ շուրջ 1300 շահառուների աջակցության տրամադրման հնարավորությամբ։
Ամփոփվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների պետական համաֆինանսավորման նպատակով մեկ մրցույթի արդյունքները, որի արդյունքներով 30 շահառուների ապաստարանի ծառայությունը պետական աջակցություն կստանա, մյուս մրցույթը հայտարարված է, դիմելու վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 20-ին է։ Սա հնարավորություն կտա ապաստարանի աջակցություն տրամադրել ևս շուրջ 30 շահառուների, ընդհանուր առմամբ՝ 60 շահառուների թվով։
2020 թվականի հունվարից գործում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց ժամանակավոր ֆինանսական աջակցության հնարավորությունը՝ ընդհանուր առմամբ շուրջ 100 անձի համար։
Նախարարությունը ամփոփում է նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ աջակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։
comment.count (0)