ՊՎԾ պաշտոնյան ապօրինի հող է ձեռք բերել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|
13:45 - 07 փետրվարի, 2020

ՊՎԾ պաշտոնյան ապօրինի հող է ձեռք բերել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

hetq.am։ Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, պարզվում է, Կոտայքի մարզում ապօրինի կազմակերպված աճուրդով հող է ձեռք բերել։ ՀՔԾ-ում քննված քրեական գործով հաստատվել էր, որ Կոտայքի մարզում 106 hա հողերը ապօրինի կազմակերպված աճուրդներով են վաճառվել։ Եվ ահա այդ աճուրդներից մեկով էլ հողի սեփականատեր է դարձել Կարեն Մարգարյանը։ Գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է այդ աճուրդների որոշումները դատարանում։

Կարեն Մարգարյանը հանրությանը հայտնի է Կոտայքի մարզից։ Մարզպետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ 2012 թվականից, 6 տարի եղել է Կոտայքի փոխմարզպետը։ 2010 թ.-ին Սերժ Սարգսյանի կողմից պատվոգրի է արժանացել ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար։ Սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ տարեվերջին, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։

«Հետք»-ը 2018 թ.-ին հետաքննություն էր հրապարակել 2007-2009 թվականներին Կոտայքի մարզում անտառային հողերի ապօրինի օտարումների մասին։ Մենք գրել էին 50 հեկտարի մասին, սակայն հարուցված քրեական գործից հետո Հատուկ քննչական ծառայությունում այդ թիվն աճեց և դարձավ 106 հեկտար։ Քրեական գործով հաստատվեց, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և աճուրդային հանձնաժողովի անդամները ապօրինություն են կատարել։

Մարգարյանը հաստատեց փաստը, որ հող ձեռք է բերել, բայց նշեց, որ հետագայում օտարել է այն։ Կարեն Մարգարյանը դժվարացավ հիշել հողի մակերեսը, հստակ տեղը։ Էական նշանակություն ունեցող այլ տվյալներ չհիշեց կամ չցանկացավ հիշել։

«Նպատակահարմար եմ համարում, որ այդ գործի վերաբերյալ տեղեկություններ ստանաք գործի պաշտոնական ընթացակարգերից և հրապարակումների շրջանակում»,- ասաց Կարեն Մարգարյանը։

Գլխավոր դատախազությունը փետրվարի 4-ին պետական շահերի պաշտպանության հայցով դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասություն դատարան։ Պահանջում է աճուրդներն անվավեր ճանաչել, ինչպես նաև անվավերության հետևանքներ կիրառել։ Կարեն Մարգարյանը գործով պատասխանող է։

Կարեն Մարգարյանը ՊՎԾ-ում աշխատանքի է անցել ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի ղեկավարման ժամանակ՝ 2019 թվականի տարեվերջին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել