armenpress.am: Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց հերթական անգամ՝ ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի բացակայության պատճառով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 4-ին Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից գրություն էր ստացել, որում նշված է, որ ամբաստանյալի տեղափոխությունը դատարան կկատարվի միայն ՌԴ պաշտպանության նախարարության հրամանի դեպքում, որի համար հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից ամբաստանյալի անվտանգության գրավոր երաշխիքի առկայությունը:
Փաստաթուղթը ներկայացվեց ռազմաբազայի կողմից լիազորված, ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևի կողմից: Դատական նիստը նախագահող, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը ռազմաբազայի ներկայացուցչից փորձեց ճշտել՝ ինչպիսի երաշխիքների մասին է խոսքը: «Գործն աղմկահարույց է, և ամբաստանյալի ցանկացած տեղափոխություն ՀՀ տարածքով ռիսկային է ու պահանջում է անվտանգության երաշխիք: Այս հարցը քննարկվել է երկու երկրների ՊՆ կողմից և մինչև օրս մենք սպասում ենք մեր հրամանատարության գրավոր թույլտվությանը»,-նշեց ռազմաբազայի ներկայացուցիչը:
Դատավոր Ադրինե Ղուկասյանը բազայի ներկայացուցչին խնդրեց ներկայացնել հիմքեր ու փաստեր՝ ամբաստանյալի տեղափոխման ռիսկի հետ կապված: Փոխգնդապետը նշեց, որ նման փաստեր չունեն: «Այս պահի դրությամբ դատարանը չունի հիմք ենթադրելու, որ ամբաստանյալի անվտանգությունը ապահովված չէ: Դատարանն իր միջոցներով հնարավորինս ապահովվել է դատավարության մասնակիցների ներկայացումը»,-նշեց դատավորը: Մեղադրող կողմը ևս նշեց, որ դատարանը բոլոր միջոցները ձեռնարկում է դատական նիստի ներկայացուցիչների անվտանգությունը ապահովելու համար: Փաստաբան Արայիկ Զալյանը ամբաստանյալի չներկայանալը անհիմն համարելով՝ դատարանին միջնորդություն ներկայացրեց հաջորդ դատական նիստին նրա ներկայություն ապահովելու՝ բերման ենթարկելու միջոցով: Այս միջնորդությունն, ինչպես ամբաստանյալի շահերի պաշտպանն, այնպես էլ մեղադրող կողմը և դատարանը, անազատության մեջ գտնվող անձի հանդեպ անհնարին համարեցին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի որոշմամբ դատը հետաձգվեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 6-ին:
Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Նարինե Ռշտունին հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: «Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Փորձաքննությունները ցույց են տվել, որ ինքը մեղսունակ է: Կարող եմ ասել պաշտպանական կողմի դիրքորոշումը, որ դատահոգեբանական և դատաբուժական եզրակացության դեմ առարկելու ենք»,-նշեց Նարինե Ռշտունին՝ նշելով, որ ամբաստանյալը գտնվում է 102-րդ ռազմաբազայի կալանավորված անձանց պահելու վայրում:
Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով քայլող Գյումրի քաղաքի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է։
comment.count (0)