Երեկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռոբեր Քոչարյանի գործի վերաբերյալ։
Վանեցյանն ասել է, որ այդ գործը չէր կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ» (խոսքը Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է), քանի որ «Մարտի 1-ի գործ» ասելիս հասկանում է, որ պետք է առաջնահերթությունը տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը։
«Հարց է առաջանում՝ այսօրվա քննություն արդյո՞ք նպաստում է այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչ վերաբերում է Քոչարյանին․ ես գիտեմ, որ այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ։ Նա երբևիցե որևէ իր քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր»,- նշել է Վանեցյանը։
Նրա խոսքով խափանման միջոցի վերանայումը կնպաստեր հանրության շրջանում լարվածությունը թուլացմանը և կնպաստեր գործի լիարժեք քնությանն ու բացահայտմանը։
«Բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի։ Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է Մարտի 1-ի գործի բացահայտմանը»,- ասել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին պետը կարծում է, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ մեկի մոտ հարցեր չծագեն։
«Եթե քննության ընթացքում կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն անձը, պետք է նրանց այնպայման կանչել պատասխանատվության, բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք, մենք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»,- հավելել է Արթուր Վանեցյանը։
comment.count (0)