Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր հարթակներում․ Արթուր Վանեցյանը՝ քաղաքական ակտիվության մասին
 |tert.am|

Առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր հարթակներում․ Արթուր Վանեցյանը՝ քաղաքական ակտիվության մասին |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Երբ ինձ ասում են՝ զբաղվո՞ւմ եք քաղաքականությամբ, թե ոչ, միշտ այլ կերպ եմ փորձում այդ հարցին մոտենալ. ես 20 տարեկանից սկսած ծառայում եմ իմ հայրենիքին ու շարունակում եմ ծառայել։ Այս մասին Ղարաբաղյան շարժման 35 ամյակին նիրված կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Խոսելով խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ Վանեցյանը ասաց․  «Ես համարում եմ, որ խորհրդարանը այլևս չի հանդիսանում այն գործիքը, որով կարող եմ էֆեկտիվ պայքարել այս իշխանություններիի դեմ ու ծառայել մեր երկրին։ Այս ընթացքում մենք զբաղվել ենք կուսակցաշինությամբ, մարդկանց հետ հանդիպումներով։ Այո, միգուցե հանրային գործունեություն չենք ծավալել, բայց դա որևէ կերպ չի խանգարում մեր հասարակական-քաղաքական գործունեությանը։ Առաջիկայում ինձ և իմ գործընկերներին ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջոցառումներին, տարբեր հարթակներում»։ Շարունակությունը՝ tert.am-ում
15:14 - 20 փետրվարի, 2023
«Պատվի՛ առեք մեր զինվորներին, որտեղ էլ որ հանդիպեք նրանց». Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը

«Պատվի՛ առեք մեր զինվորներին, որտեղ էլ որ հանդիպեք նրանց». Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի բանակի տոնը. «Մեր մեծ տոնը՝ Բանակի օրը։ Այսօր իրապես մեծ տոն է։ Մենք սա պետք է լավ գիտակցենք։ Բանակը մեր ժողովրդի ծնունդը, ստեղծագործությունն ու ամենաթանկ ձեռքբերումն է։ Բանակը մեր պետության գոյության միակ երաշխավորն է։ Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է։ Եվ հարկ է, որ չնայած բոլոր դժվարություններին, վերջին տարիների բոլոր աղետներին այսօր ոտքի կանգնենք և սրտանց շնորհավորենք մեր ամենանվիրյալ պաշտպաններին` Բանակի տոնի կապակցությամբ։ Բանակը մենք ենք։ Բանակը մեր եղբայրներն ու զավակներն են։ Բանակը մեր մայրերն ու քույրերն են։ Բոլորս։ Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել։ Ասել, որ դա այդպես չէ։ Ամեն կերպ վարկաբեկել են մեր Բանակը, դավաճանել նրան, փորձել օտարել զավակին իր մորից՝ Բանակը ժողովրդից։ Դրա հետևանքներն էլ շատ չուշացան։ Բայց մենք պարտավոր ենք նորից մեկ մարմին դառնալ։ Վերականգնվել։ Ու կրկին լինել հաղթանակած Բանակ: Հարգելի հայրենակիցներ, պատվի առեք մեր զինվորներին որտեղ էլ որ հանդիպեք նրանց։ Սիրե՛ք մեր Բանակն ավելի քան ձեր զավակներին։ Գնահատե՛ք մեր Բանակը կյանքից էլ ավել։ Ամեն մեկդ ձեր տեղում դարձեք զինվոր ու հզոր Բանակ։ Ծառայեք Հայրենքին ու պաշտպանեք այն ամեն տեսակ սպառնալիքներից։ Ու թող դարեր շարունակ Հունվարի 28-ին հնչեն մեր հաղթանակած Բանակի շեփորների հնչյունները։
13:27 - 28 հունվարի, 2023
«Պատիվ ունեմ»-ն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովներում Արթուր Վանեցյանին փոխարինել այլ ներկայացուցիչներով

«Պատիվ ունեմ»-ն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովներում Արթուր Վանեցյանին փոխարինել այլ ներկայացուցիչներով

Ազգային ժողովի խորհրդի նախօրեին կայացած նիստում փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում: ԱԺ-ից հայտնում են, որ Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ ՄԽՎ-ում , միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով: Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել:
09:40 - 04 հոկտեմբերի, 2022
Մեր ազգի առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա, իսկ տոնը դեռ կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին․ Արթուր Վանեցյան

Մեր ազգի առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա, իսկ տոնը դեռ կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին․ Արթուր Վանեցյան

Հայաստանի Անկախության տոնի առթիվ գրառում է արել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։ Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։ Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։ Հետևաբար խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։ Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին»։
15:02 - 21 սեպտեմբերի, 2022
Արթուր Վանեցյանի գործարար հորեղբորորդին խոշոր ընկերություն է գնել Ռուսաստանում |civilnet.am|

Արթուր Վանեցյանի գործարար հորեղբորորդին խոշոր ընկերություն է գնել Ռուսաստանում |civilnet.am|

civilnet.am: Ամերիկյան Bunge ագրոարդյունաբերական ընկերությունը Ռուսաստանում իր ակտիվները վաճառել է գործարար Կարեն Վանեցյանին՝ Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդուն։ Այդ մասին հայտարարել է Bunge ընկերությունը։ Bunge-ն հիմնադրվել է երկու դար առաջ Ամստերդամում, իսկ այժմ գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրներում։ Ընկերությունը զբաղվում է գյուղմթերքի զանգվածային արտադրությամբ, ունի սոյայի, ձեթի, մարգարինի, բրնձի, ընդեղենի, ալյուրի, մսամթերքի արտադրություն։ Բացի այդ, Bunge-ն կազմակերպում է գյուղմթերքի տրանսպորտային տեղափոխումը, ունի իր հետ համագործակցող ֆերմերների խոշոր ու կայուն շրջանակ։ 2021-ին ընկերության զուտ եկամուտը գերազանցել է 2 մլրդ դոլարը, աշխատակիցների թիվը մոտ 23 000 է։ Bunge-ին են պատկանում մի քանի տասնյակ հայտնի բրենդեր, Ռուսաստանում ընկերությունը հայտնի է իր «Օլեյնա», «Մասլենիցա», «Սեմյոնովնա», «Իդեալ», Golden drop բուսական յուղերի ու ձիթայուղերի արտադրությամբ։ Կարեն Վանեցյանը ձեռք է բերել Bunge-ի հենց ռուսաստանյան բիզնեսը։ Bunge-ն Ռուսաստան մուտք է գործել 2004-ին և անմիջապես դարձել բուսական յուղի արտադրության հսկաներից։ 2020-ի տվյալներով՝ ընկերությանն է պատկանում ռուսական բուսական յուղի շուկայի 10,3 տոկոսը։ Ընկերությունը Վորոնեժի մարզում 2008-ին շահագործման է հանձնել բուսայուղի արտադրությունը կազմակերպող հզոր գործարան, որը թույլ է տալիս տարեկան 200 միլիոն շիշ ձեթ արտադրել։ Կարեն Վանեցյանը ագրոարդյունաբերության ոլորտում ունի մեկ այլ ընկերություն՝ Exoil Group-ը, որը գործունեություն է իրականացնում Ուկրաինայում՝ դարձյալ բուսական յուղի շուկայում, զբաղվում է նաև հացահատիկի վերամշակմամբ։ Այս ընկերության բաժնետերերից ու տնօրենների խորհրդի անդամներից մեկն էլ Միխայիլ Զուրաբովն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետերը։ Ռուսական Bunge-ի վաճառքի մասին սկսել էր խոսվել դեռ այս տարվա հունիսի վերջին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։ Bunge-ի վաճառքի գործարքի գինը չի հրապարակվում, գործարքը վերջնական ձևակերպվելու է ռուսական կարգավորող մարմինների ընթացակարգերն անցնելուց հետո։
16:41 - 20 սեպտեմբերի, 2022
Բաքվի հերթական ագրեսիան պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք․ Արթուր Վանեցյան

Բաքվի հերթական ագրեսիան պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր վիրավորներին: Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր: Կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե: Եվ բազմիցս ու շատ հստակ նշել ենք շարունակվող ողբերգությունը կանգնեցնելու միակ ուղին: Սրա հետ կապված ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ: 2020թ. 44-օրյա պատերազմի սանձազերծման և պատերազմական հանցագործությունների համար համարժեք արձագանքի չարժանացած Ադրբեջանը հերթական ագրեսիային է դիմել՝ հարձակվելով ՀՀ սուվերեն տարածքի վրա: Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք՝ • Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով առկա երկկողմ պարտավորություններով ու համապատասխան գործիքակազմով: ՌԴ-ն նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության միջնորդն ու երաշխավորն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկիր, • ՀԱՊԿ-ի կողմից, որի լիարժեք անդամ է Հայաստանի Հանրապետությունը և որն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում հստակ պարտավորություններ՝ հաշվի առնելով, այդ թվում, ՀՀ պաշտոնական դիմումը, • ԵԱՀԿ-ի կողմից՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով մասնագիտակցված կառույցի, որի ներքո է ձևավորվել նաև արցախյան կարգավորման գործընթացում 1992թ. միջնորդական հիմնական ձևաչափ հանդիսացող մարմինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, • ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավակարգի պահպանման պատասխանատու կառույցի: Կարևոր է գիտակցել, որ այսօր ստեղծված իրավիճակում վերոնշյալ պետությունների ու կառույցների, նաև միջազգային հանրության մյուս անդամների արձագանքի բացակայությունը, հապաղումը, հասցեական կամ հստակ չլինելը, անկախ դրանց պատճառներից, մեծացնելու է ամենաթողության մթնոլորտը Բաքվում՝ հնարավորություն տալով նոր սադրանքների ու ապօրինությունների: Հետևաբար, այսօրվա լռության պարագայում վաղվա Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի պատասխանատուն են դառնալու նաև վերոնշյալ դերակատարները»,- գրել է նա։
18:14 - 13 սեպտեմբերի, 2022
«Պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել Շիրակի մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար». Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը

«Պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել Շիրակի մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար». Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը

Մանդատը վայր դրած Արթուր Վանեցյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։ Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։ Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։ Շնորհակալ եմ», - գրել է նա։
10:19 - 05 հուլիսի, 2022
Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

 «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տարածել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որում նշվում է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Հայտարարությունը՝ ստորև․    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։   «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։   Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։   Հարգելի՛ հայրենակիցներ,   2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։   Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։   Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
13:25 - 21 հունիսի, 2022
Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում: Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին: «Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել են այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,- ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,- նշեց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:01 - 16 հունիսի, 2022
Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով
 |civilnet.am|

Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։ ՍիվիլՆեթը Ազգային ժողովից պարզեց, թե ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում գնալ խորհրդարան։ Ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Ըստ հայտարարության՝ «Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։ Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնում այլ օրակարգով: Ավելի վաղ, ընդդիմադիրներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, թե ինքը գործ չունի այն խորհրդարանում, որտեղ խոսվում է «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին», ինչպես նաև նշել էր, որ «եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա», իսկ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան վերադառնալու են «բացառապես իրենց օրակարգով»։ «Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել էր Սաղաթելյանը։   Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
19:06 - 25 մայիսի, 2022
Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը  տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ Բաբայանը  տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։  Նա գրել էր, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել էր, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։
17:30 - 21 մայիսի, 2022
Իրավապահները խուզարկություն են իրականացնում  Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

Իրավապահները խուզարկություն են իրականացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ «Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք»,- գրել է նա՝ քիչ անց տեղեկացնելով, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել է, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։ Այդ տեսանյութի մասին կարող եք կարդալ այստեղ։
14:23 - 21 մայիսի, 2022