«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|
11:02 - 10 փետրվարի, 2020

«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- այն ժամանակ նշել էր Բադասյանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը:

«Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը»,- նշված է օրենքի նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել