ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|
18:27 - 12 փետրվարի, 2020

ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

civilnet.am: Եվրասաիական տնտեսական միությունում որոշ հարցերում անդամ պետությունների կողմից վետոյից հրաժարվելու մասին քննարկումները չեն կրում քաղաքական բնույթ, այլ վերաբերում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը խնդրին անդրադարձավ՝ պատասխանլով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին: 

«Վերջերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն [Տիգրան Սարգսյանը] իր հարցազրույցում նշեց, որ անդամ պետությունների կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակում վետոյից հրաժարման խնդիրը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կառույցին: Սա վերաբերում է պետությունների ազգային ինքնիշխանությանը: Այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որոնց վերաբերյալ քննարկվում է պետությունների վետոյի իրավունքից հրաժարման հարցը»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:

Մհեր Գիրգորյանը տեղեկացրեց, որ հարցն իրոք բուռն քննարկվել է․ «Այն դեռևս կքննարկվի: Անկեղծ ասած, այն քննարկվել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից: Դա այնքան էլ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթն ուղղակի զրոյացվում է, քանի որ անդամ պետություններից որևէ մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի ընդունվում կամ իրականացվում: Հիմնական խնդիրը վերաբերում էր բելառուսական կաթին և Ռուսաստանի կառավարության վետոյին: Սա ռազմավարական հարց է, բայց այս պահին կոնկրետություն չկա: Այն դեռևս քննարկման փուլում է»:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ պահի կտեղեկացնեն հանրությանն ու Ազգային ժողովին, թե քննարկումներն ինչ հանգրվանի են հասել․ «Այնուամենայնիվ հարցն այնքան քաղաքական չէ․․․ այլ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»:

***

Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել