Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ
09:22 - 13 փետրվարի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։

«Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։

Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը:

Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել