ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, որ նա, անձնական շահագրգռվածությունից՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեղյակ լինելով, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր՝ միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին:
Քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջացների էին տեղափոխվել ՔԿՀ տարածք և շրջանառվել:
Մասնավորապես՝ պարզվել էր, որ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի պահպանությունն իրականացնելու համար սահմանված ժամանակավոր պահակետում ծառայություն իրականացնող՝ պահախմբի ավագ և կրտսեր մասնագետ հանդիսացող՝ նույն հիմնարկի անվտագության ապահովման բաժնի երկու աշխատակիցները, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական քննության արդյունքում նրանց նկատմամբ ևս կայացվել է մեղադրական դատավճիռ:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել էր միջնորդագիր՝ ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:
Նշված միջնորդագիրը համակողմանի քննարկման է արժանացել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում:Դրա վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից ստացված գրության համաձայն՝ նմանատիպ երևույթները բացառելու նպատակով անցկացված խորհրդակցությունների ընթացքում ծառայության պետի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են դրանից բխող անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոնկրետ ցուցումներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն: Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարությունների գործակցությամբ գործանական միջոցներ են ձեռնարկվել մի քանի խոշոր քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սկսվել է բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները, ըստ դրանցում բուժում ստացող դատապարտյալների կամ կալանավորված անձանց անվտանգության և պահպանության տեխնիկական չափորոշիչների, վերակառուցելու, վերազինելու գործընթաց:
comment.count (0)