Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|
15:43 - 21 փետրվարի, 2020

Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում  կորոնավիրուս հայտնաբերելու դեպքերի հետ կապված «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի է ուժեղացվել, որպեսզի  կանխվի համաճարակի՝ Հայաստան ներթափանցումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։

«Կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերից հետո Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անմիջապես քննարկել է ուժեղացված վերահսկողական  աշխատանքների անցնելու հարցերը։ Տեսչական մարմինը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ-կետ ևս երկու  աշխատակից է  գործուղել»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ նկատի առնելով, որ Իրանում կան համաճարակային դեպքեր և որպես հարևան երկիր՝ դեպի Հայաստան հոսքը կարող է ավելանալ՝ Մեղրիի անցակետում երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն ավելի մեծ թիմով են իրականացվում, չնայած, որ նախկինում ևս հսկողություն եղել է։

Բացի «Մեղրիի» անցակետից, մյուս անցակետերում ևս հսկողություն է սահմանված։ «Հատկապես, Չինաստանից եկողների համար լրացվում են հասցեական քարտեր, ստուգվում է բոլորի առողջական վիճակը, իսկ 37 և ավելի ջերմության դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել