Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները
16:52 - 26 փետրվարի, 2020

Նախարար Հակոբ Արշակյանի՝ Աբու Դաբի այցի կարևոր շեշտադրումները

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո փետրվարի 22-23-ը Աբու Դաբիում անցկացված «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովը նվիրված էր պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը առաջիկա տասնամյակների ընթացքում:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է  միջոցառմանը՝ հանդես եկել որպես համաժողովի բանախոս և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝  քննարկելով ոլորտում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:

Էմիրությունների փոխվարչապետ, Նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը: ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով:

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը: Նախարարը կարևորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը և մատնանշել հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում:

Նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին մատնանշել է նախարարության ակտիվ գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, ներկայացրել տասնամյակների առաջատար գիտահեն ներուժն ու փորձը, հնարավորությունները, հայաստանյան ռազմարդյունաբերության կայուն և առաջանցիկ զարգացումը: Նախարար Արշակյանը, ԱՄԷ Նախարար Բովարդիին նաև հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ս․ թ․ մարտի 26-28֊ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել