Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|
13:32 - 06 հունիսի, 2019

Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|

24news.am: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9-ը դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել ու այդ մասին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

«Միջնորդությունն իմ կողմից ներկայացվել է հարգալից կերպով։ Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերը և ջանքերը։ Այս միջնորդությունն ամենևին էլ նպատակ չունի նվաստացնել Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը», - հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։

Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:

Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Բողոք բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:

«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել», - այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել։

Մինասյանն ի պատասխան ասաց.

«Այս պարագայում վարույթ չընդունելը հենց խոչընդոտել է արդարադատության իրականացմանը»։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես թիրախավորված դատավորների ցանկում է, նկատեց, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր չկան, մերժել է և հետաքրքրվեց՝ արդյոք սա արդարադատության իրականացումից հրաժարու՞մ է։

Ի պատասխան Մինասյանն ասաց, որ վարույթ չընդունելով քաղաքացու բողոքը, Վճռաբեկ դառարանն ինքն իրեն սահմանափակում է, իսկ վարույթ ընդունելը մերժելը ամբողջությամբ վերջ է դնում գործընթացին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել