Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|
12:12 - 27 փետրվարի, 2020

Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|

aysor.am: Կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 12 միլիոն 275 հազար դրամ հատկացրեց՝ սիրիահայերին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու:

Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Նշենք, որ 2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 205 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (60 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (145 գործ) կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել