Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը
15:57 - 28 փետրվարի, 2020

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։

Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի  և Ժողովրդավարությունների համայնքի միջև:

Փոխնախարարը ողջունել է բարձրաստիճան հյուրերին Արդարադատության նախարարությունում և ներկայացրել նախարարության կողմից մշակված ռազմավարությունները և երկրում ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերը:

Մասնավորապես՝ Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է Դատաիրավական, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերով նախատեղված բարեփոխումների ծավալուն շրջանակը:

Անդրադառնալով դատական բարեփոխումների գործընթացին՝ որպես վերջնարդյունք փոխնախարարը նշել է անկախ, անաչառ և արդյունավետ դատական համակարգի ձևավորումը:

Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում փոխնախարարը ներկայացրել է դրա կանխարգելիչ, կրթական ու քննչական բաղադրիչները և անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիոն գործեր քննող դատարանի ձևավորման գործընթացներին:

ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ և անչափահասների արդարադատության ոլորտում կատարված աշխատանքները:

Պատասխանելով բարեփոխումների առաջնահերթություններին առնչվող գործընկերոջ հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեև ռազմավարությունները մշակվել են 2-4 տարիների համար, սակայն դրանց գործողությունների ծրագրերում հստակ նախանշված են բարեփոխումների առաջնահերթությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ հարցերի ևս:

Ափոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել