Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էտարածել, որ ներկայացնում ենք ստորև։
«Երեկ ու այսօր խոսել եմ ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ու էլի կապն անընդհատ կպահպանվի:
Նախ, ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել էի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն կար նրա դրական դիրքորոշումը։
Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։
Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։
Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:
Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»։
comment.count (0)