Կորոնավիրուս․ հին և նոր տեսակները, ախտանշանները, տարածման եղանակները, դեղամիջոցի ու պատվաստանյութի որոնումները
19:43 - 01 մարտի, 2020

Կորոնավիրուս․ հին և նոր տեսակները, ախտանշանները, տարածման եղանակները, դեղամիջոցի ու պատվաստանյութի որոնումները

Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որն ունի 30-ից ավելի ենթատեսակ։ Վիրուսը հայտնաբերվել է 1960 թվականին և իր անունը ստացել է մակերեսի վրա առկա, տարբեր կողմեր տարածվող մազիկների պատճառով, որոնք նման են թագերի։ Հայտնի է, որ կորոնավիրուսները կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ատիպիկ թոքաբորբ։ Այս տեսակի վիրուսը վարակիչ է կաթնասունների համար։

Վիրուսը համեմատաբար քիչ դիմացկուն է բաց տարածքում գոյատևելու համար։ +4 °С-ի դեպքում նրա վարակելիությունը մնում է ակտիվ մի քանի տարի, ուլտրամանուշակագույն ճառագայթումը ապաակտիվացնում է վիրուսը 15 րոպեի ընթացքում, բաց միջավայրում +33 °С  ջերմատիճանի պայմաններում այն ապաակատիվանում է 16 ժամվա ընթացքում, իսկ +56°С-ի դեպքում՝ 10 րոպեում։

Կորոնավիրուսի տեսակները

20-րդ դարում կորոնավիրուսները մի շարք սուր շնչառական հիվանդությունների պատճառ էին դառնում, բայց քանի որ առաջացած հիվանդությունները հեշտ էին բուժվում, վիրուսը չէր համարվում առանձնակի վտանգավոր։

Կորոնավիրուսով պայամանավորված սուր շնչառական վարակի կամ ատիպիկ թոքաբորբի առաջին բռնկումը տեղի ունեցավ 2003 թվականին։ Վիրուսը ստացավ SARS անվանումը։ Այդ ժամանակ վարակը տարածվեց աշխարհի 33 երկրում, գրանցվեց վարակի մոտ 8 500 դեպք, որից մահացավ մոտ 800 մարդ։

Ծանր վարակի հաջորդ բռնկումը, որը տեղի ունեցավ 2012 թվականին Սաուդյան Արաբիայում, ստացավ միջինասիական շնչառական սինդրոմ անվանումը (MERS-CoV)։ Հիվանդությունը տարածվել էր Միջին Արևելքում։ Մահացավ 400-ից ավելի մարդ, որը կազմում էր վարակվածների մոտ 35%-ը։ Մարդիկ վարակվում էին, երբ շփվում էին ուղտերի կամ վարակված մարդկանց հետ՝ առանց պաշտպանության միջոցներ կրելու։

Նոր տեսակը

Նոր տեսակի կորոնավիրուսը նկատվել է անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում։ Ըստ գիտնականների՝ վարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի ծովամթերքի շուկան։ 2020 թվականի փետրվարի 11-ին ԱՀԿ-ն այդ նոր տեսակի վիրուսին տվեց պաշտոնական անուն՝ COVID-19։ Ուսումնասիրելով 2019-ncoV-ի կառուցվածը՝ գիտնականները պարզեցին, որ նման տիպի վիրուս հանդիպում է չղջիկների մոտ։

Գիտնականները պարզել են, որ COVID-19 վիրուսը գենետիկորեն 70,5%-ով նույնական է SARS-CoV վիրուսին․ դա, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբի վիրուսն է։ Սակայն նոր կորոնավիուսի կլինիկական նշաններն ավելի մեղմ են, գանգատների ու մահացության ցուցանիշներն էլ ավելի ցածր։

Գիտնկանների կարծիքով՝ վիրուսի նոր տեսակը վտանգավոր է, քանի որ այն շատ արագ առաջացնում է թոքաբորբ։ Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ այն ադապտացվել է ու այժմ փոխանցվում է մարդուց մարդ ճանապարհով ևս։

Այդ է պատճառը, որ խստիվ կարգադրվում է հիվանդներին մեկուսացնել մինչև վերջնական ապաքինումը։ Վերջնական ապաքինումը, բացի ակնհայտ ախտանշանների բացակայությունից՝ ջերմություն, հազ, փռշտոց, ներառում է նաև լաբորատոր անալիզ․ հիվանդից վերջին 24 ժամվա ընթացքում վերցված 2 անալիզն էլ պետք է բացասական լինեն։ Միայն այս դեպքում կարելի է խոսել վերջնական ապաքինման մասին։

Ինչ վերաբերում է գաղտնի շրջանին, ապա կորոնավիրուսների դեպքում այն սահմանված է միջինում 14 օր, սակայն նոր COVID-19 վիրուսի պայմաններում եղել են դեպքեր, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը տևել է ավելի երկար՝ ընդհուպ 4 շաբաթ, ինչը պայմանավորված է օրգանիզմի անհատական հատկանիշներով։ Ու սա էլ է հատուկ այս տեսակի համար, ինչը ավելի է դժվարացնում և՛ ախտորոշումը, և՛ պատշաճ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։

Ախտանշանները

COVID-19 վիրուսով վարակի դեպքում շնչառական ախտանշանները կարող են տարբեր լինել՝ սկսած որևէ գանգատի բացակայությունից մինչև ծանր թոքաբորբ՝ շնչառական անբավարարվածությամբ, որը կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։ Հիվանդի մոտ, որպես կանոն, նկատվում են բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, հոգնածություն, մկանային ցավեր, ֆարինգիտ։ Այդ բոլոր ախտանշանները զարգանում են աստիճանաբար ու թույլ արտահայտված են լինում, որոշ մարդկանց մոտ ընդհանրապես որևէ նախանշան չի նկատվում։ Հիվանդությունը ծանր ընթացք է ստանում մոտավորապես ամեն 6-րդ վարակվածի մոտ, մահացությունը կազմում է գրանցված դեպքերի 2%-ը (Առողջապահության համաշխարհային կազմկերպություն)։

Միշտ չէ, որ վիրուսն առաջացնում է թոքաբորբ․ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև աղեստամոքսային խանգարումներով, փորլուծությամբ։ Հիվանդության ծանր ընթացքը կարող է հանգեցնել շնչառական խնդիրների, ընդհուպ արհեստական շնչառական սարքավորման անհրաժեշտույթան ու հիվանդին վերակենդանացման բաժին  տեղափոխելուն։

Ըստ առկա տեղեկությունների՝ վիրուսը հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց ու տարեցների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք ունեն այլ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թոքերի խրոնիկ հիվանդություններ և այլն։

Վարակաբանները նշում են, որ COVID-19 վիրուսը չունի խիստ առանձնահատուկ ախտանշաններ, այն կարող է ախտորոշվել միայն լաբորատոր պայմաններում։ Ուստի, եթե Դուք վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում եղել եք վարակված երկրներից որևէ մեկում կամ շփվել եք այդպիսի անձանց հետ և այժմ ունեք նմանատիպ գանգատներ՝ բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, ապա ոչ մի տեղ մի՛ գնացեք, ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք, այլ միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն։

Ինչպե՞ս է տարածվում

2019‑nCoV վիրոսուվ կարելի է վարակվել վարակակիր այլ անձանցից, հազի կամ փռշտոցի ժամանակ օդում կամ շրջապատող առարկաների վրա հայտնված մանրագույն կաթիլներից։ Բացի այդ օդը շնչելուց՝ մարդիկ կպչում են այդ առարկաներին, իսկ հետո, առանց ձեռքերը լվանալու՝ իրենց աչքերին, քթին կամ բերանին, ու այդպես վարակը հայտնվում է օգանիզմում։

Քանի որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս, ապա նման ախտանշաններ չունեցող մարդկանցից վարակվելու հավանականությունը բավականին ցածր է, թեև լիովին բացառել չի կարելի։ Ինչ վերաբերում է դիմակներին, ապա, բժիշկների կարծիքով, դրանք ավելի շուտ պետք է կրեն վարակվածները՝ վարակը չտարածելու համար, իսկ որպես պաշտպանիչ միջոց առողջների համար նրա արդյունավետությունը բավականին ցածր է, հատպակես եթե խոսքը գնում է մեկանգամյա օգտագործման սովորական դիմակների մասին։

Ի՞նչ անել ու ինչպե՞ս պաշտպանվել

Եթե Դուք բնակվում եք տարածքում, որտեղ չկա կորոնավիրուսի գրանցված դեպք, ապա առանձնապես վախենալու կարիք չկա, հետևե՛ք նշված հիգիենայի կանոններին․ հաճախ մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող նյութերով կամ լվացե՛ք օճառով, խուսափե՛ք կենդանիների օրգանական մնացորդ պարունակող վայրերից, սնունդը պատշաճ ջերմային մշակմա՛ն ենթարկեք և այլն։

Եթե Դուք վերջին 14 օրվա ընթացքում վերադարձել եք երկրից, որտեղ գրանցվել են վարակի դեպքեր, կամ շփվել եք նման անձանց հետ և այժմ ունեք բարձր ջերմություն, հազ, մկանային ցավ, շնչառության հետ կապված խնդիրներ, ապա միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն ու հենց հեռախոսո՛վ պատմեք Ձեր գանգատների մասին՝ անպայման նշելով նաև, որ վերադարձել եք վարակված երկրներից մեկից կամ այդպիսի մարդու հետ եք շփվել։ Բժիշկներն ամիջապես կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները։

Իսկ եթե բնակվում եք մի տարածքում, որտեղ գրանցվել է վարակի դեպք, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, խուսափե՛ք մարդաշատ վայրերից, տնից դո՛ւրս եկեք միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում, կրե՛ք դիմակ, բայց ոչ սովորական, այլ՝ կտորից, հետևե՛ք, որ այն փակի քիթն ու բերանը, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին ու բերանին, գնե՛ք մոտավորապես 2 շաբաթվա ուշ փչացող կամ չփչացող սննդի պաշար ու աշխատե՛ք տնից դուրս չգալ։ Իսկ եթե Ձեզ մոտ նկատում եք որևէ գանգատ, անմիջապես դիմե՛ք բժշկի։

Նշենք նաև, որ հակաբիոտիկները չեն բուժում ոչ մի տեսակի վիրուս։ Տնային միջոցները՝ թեյ, կիտրոն, կոճապղպեղ, ևս արդյունավետ չեն, և Դուք միայն կկորցնեք թանկարժեք Ձեր ժամանակը։

Պատվաստանյութ

Վարակի հայտնաբերվելուց հետո գիտնականները ձեռնամուխ եղան նոր COVID-2019 վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը։ Ուրբաթ օրը ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ արդեն կա պատվաստանյութի մշակված մոտ 20 տարբերակ, որոնք ենթադրաբար կարող են լինել արդյունավետ նոր վիրուսի դեմ պայքարում։ Գիտնականներն ավելի վատատես են այս հարցում․ նրանց պնդմամբ՝ մոտ մի տարի է անհրաժեշտ, որ մշակվի ու փորձարկվի պատվաստանյութ, որի էֆեկտիվությունը կապացուցվի։

Միաժամանակ ԱՀԿ-ն նշում է, որ կան դեղորայքային միջոցներ, որոնք կարող են թեթևացնել կորոնավիրուսի ազդեցությունը։

«Այժմ կա միայն մի դեղորայք, որ, մեր կարծիքով, կարող է արդյունավետ լինել․ դա ռեմդեսիվիրն է», - այս շաբաթ՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Բրուս Ալվարդը։

Նշենք, որ ռեմդեսիվիրը փորձարարական հաբ է, որ փորձարկվել է մարդկանց վրա Էբոլա վիրուսը բուժելու նպատակով, թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբոլայի դեպքում այն արդյունավետ չէ։

Սակայան այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Գալիլեայի գիտահետազոտական կենտրոնի  (MIGAL) մի շարք գիտնականներ մոտ են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը։ Դրա մասին հայտարարել էր Իսրայելի Գիտության ու Տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը։

Կենտրոնի տնօրեն Դավիդ Զիգդոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համամարդկային անհրաժեշտությունը՝ մենք անում ենք ամեն ինչ՝ արագացնելու գործընթացը։ Մեր նպատակն է այն ունենալ մոտակա 8–10 շաբաթվա ընթացքում և 90 օրվա ընթացքում ստանալ նաև անվտանգության հաստատումը»։

Այժմ գիտնականների խումբը սպասում է անվտնագության հաստատմանը, ինչը թույլ կտա անցնել նախակլինիկական փորձարկումներին։

Աղբյուր՝ 1,2,3,4,5

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել