Նպատակ ենք դրել ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ |lragir.am|
09:32 - 03 մարտի, 2020

Նպատակ ենք դրել ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ։

Պարոն Բիչախչյան, սահմանադրական հանրաքվեի ընտրողների նախնական ցուցակները հրապարակելուց հետո հայտարարեցիք, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով փետրվարի 25-ից «թեժ գիծ» է գործում: Ի՞նչ ահանզանգեր եք ստանում այս օրերին:

«Թեժ գծի» գործելու պահից մինչև այժմ ստացվել է 21 զանգ, որից 20-ը եղել են բացառապես տեղեկատվական բնույթի զանգեր: Զանգահարողները հետաքրքրվել են, թե ընտրողների ցուցակներում ինչպես գտնեն իրենց տվյալները, թե որ տեղամասում են ընտրելու և այլն: Թեպետ «թեժ գիծը» բողոքների ու անճշտությունների համար է, բայց ես հանձնարարել եմ, որպեսզի քաղաքացիներին մեթոդական օգնություն ցուցաբերենք, անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրենք: Մեկ զանգ ստացել ենք մահվան վերաբերյալ: Ըստ դիմումատուի՝ քաղաքացին դրսում է մահացած, մենք տեղեկություն չունենք: Համենայնդեպս սեփականատիրոջն առաջարկվել է, որ կարող է դիմում ներկայացնել՝ անձին հաշվառումից հանելու համար: Սեփականատերը կդիմի և անձին կհանի հաշվառումից:

Եթե խոսենք ընտրացուցակների որակի մասին, ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, նախորդ տարվա ընտրությունների ցուցակներից որքանո՞վ են տարբերվում նորերը:

Մի քանի ուղղությամբ են կատարվում աշխատանքները: Ոստիկանության պետի կողմից հստակ տրվել է գրավոր հանձնարարական, որպեսզի համայնքային ոստիկաններն այցելեն բնակարաններ, կատարեն ճշգրտումներ, պարզեն հնարավոր անճշտությունները: Լինում են դեպքեր, երբ քաղաքացին հաշվառված լինելով բնակչության պետական ռեգիստրում՝ հնարավոր է տեխնիկական խնդրի պատճառով հասցեն սխալ նշած լինի: Նույնիսկ այդպիսի հանգամանքի վրա ենք մենք ուշադրություն դարձնում: Եթե քաղաքացին կնկատի, որ իր հասցեն սխալ է ընդգրկված բնակչության պետական ռեգիստրում, մենք կկատարենք համապատասխան ճշգրտումներ և ռեգիստրում կներառենք քաղաքացու ճիշտ հասցեն: Դեռևս այդ ուղղությամբ որևէ հաղորդում չենք ստացել:

Մյուսը՝ բնակարաններ կատարած այցերի ժամանակ, եթե կլինեն մահվան վերաբերյալ տեղեկություններ, եթե կլինեն մահվան գրանցման վերաբերյալ փաստաթղթի բնօրինակներ, տվյալ փաստաթղթերը կտրամադրվեն անձնագրային ծառայությանը, մենք անձանց կհանենք հաշվառումից: Եթե փաստաթղթերի բնօրինակները չեն, հարևաններն ու հարազատները կտան բացատրություններ, մենք անձանց կհանենք ընտրողների ցուցակներից, որպեսզի բացառվի մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունների առկայությունը: Սրանք ոստիկանության համապատասխան աշխատակիցների այցելության եղանակով կատարվող աշխատանքերն են:

Մյուս խումբ գործողությունները հետևյալն են: Բոլոր անձնագրային բաժնմունքների ղեկավարներին հանձնարարվել է ինտենսիվ կապ հաստատել թաղման բյուրոների, համայնքների ղեկավարների հետ, որոնց մոտ տեղեկատվություն կլինի անձանց մահվան վերաբերյալ: Խոսքը հետևյալ ինֆորմացիայի մասին է՝ քաղաքացին դրսում է մահացել, կամ դրսում է հուղարկավորվել, կամ ՀՀ-ում: Եթե կլինի նման տեղեկատվություն, մեզ կտրամադրեն, դրանց հիման վրա մենք անձանց կհանենք ընտրողների ցուցակներից:

Հանրապետական զինկոմիսարիատի հետ մենք ամենօրյա կապի մեջ ենք՝ անկախ ընտրական գործընթացներից: Մենք ստանում ենք պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց տվյալները, և անձինք հանվում են հաշվառումից: Մեկ անգամ ևս մենք ստացել ենք ցուցակներ և ճշգրտել, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք չլինեն ցուցակներում, անձի տվյալը չլինի կրկնակի, քանի որ նրանց ընտրակարգն այլ եղանակով է իրականացվում:

Ոստիկանապետի կողմից համապատասխան գրություն-խնդրանք է ուղարկվել Արդարադատության նախարարին, որպեսզի հանձնարարի քրեակատարողական ծառայությանը՝ մեզ տրամադրեն ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց տվյալները, որպեսզի մեկ անգամ ևս ճշգրտենք, և այդ անձանց տվյալները բացառվեն քվեարկության ցուցակներից:

Այսինքն՝ հրապարակվել են նախնական ցուցակները, մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ժամանակ է տրամադրվել մինչև մարտի 20-ը այցելություններ կատարել բնակարաններ և հայտնաբարել հնարավոր անճշտությունները: Նպատակն է՝ վերջնական ցուցակները հրապարակելիս ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ:

Հանրությանն այս օրերին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե Հայաստանում հաշվառում չունեցած անձը ինչպե՞ս կարող է մասնակցել քվեարկությանը:

Այս հարցով քաղաքացիները շատ են դիմում մեզ, խնդիրը բաժանենք երկու մասի: Իրավիճակ առաջին՝ երբ անձը Հայաստանում հաշվառում ունի և քվեարկության օրը գտնվելու է ոչ իր համայնքում, այլ Երևանում կամ այլ համայնքում, կարող է մինչև մարտի 26-ը դիմում ներկայացնել կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն՝ խնդրելով իրեն քվեարկության օրն ընդգրկել ըստ գտնվելու վայրի ցուցակ: Մենք այդ դեպքում նրան հանում ենք իր հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից, ի դեպ, դա անում ենք էլեկտրոնային եղանակով: Նրա տվյալներն ավտոմատ դուրս են գալիս հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկվում են գտնվելու վայրի ընտրողների ցուցակ: Եվ նրան տրվում է տեղեկանք, որում նշվում է տեղամասի համարը:

Մյուս խումբ անձինք նրանք են, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են օտարերկրյա պետության հասցեով, այսինքն՝ դրսի բնակիչ են, սակայն քվեարկության օրը ցանկանում են մասնակցել քվեարկությանը: Մյուսը խումբը նրանք են, երբ անձը ՀՀ-ում չունի հաշվառում, օրինակ, սեփականատերը դուրս է գրել հաշվառումից:

Այս դեպքերում պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացի լինելն է, քանի որ քվեարկությանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացիները:

Այս երկու խումբ անձինք, այսինքն՝ հայաստանյան հասցեում հաշվառում չունեցողները, նույն եղանակով կարող են մինչև մարտի 26-ը դիմել ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, որտեղ ընտրության օրը լինելու են, խնդրելով իրենց ընդգրկել հաշվառում չունեցող անձանց քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: Նրանց մենք կտրամադրենք տեղեկանք, կնշվի տեղամասը, և հանգիստ կարող են գնալ քվեարկության:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել