ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում ԱԳՆ-ում
12:58 - 06 մարտի, 2020

ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում ԱԳՆ-ում

Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին իրենց իրավասության ոլորտներում գրանցած առաջընթացի, առկա բացերի և մարտահրավերների վերաբերյալ։

Կողմերն ընդգծեցին նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ արդեն իսկ իրականացված քայլերի ամփոփման և հետագա անելիքների հստակեցման տեսանկյունից։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԿԶՆ-ների իրականացման նպատակով համակարգող մարմնի ստեղծումը  և տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԿԶՆ խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի շուրջ քննարկումները գտնվում են ավարտական փուլում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել