Բակո Սահակյանը Ֆեյսբուքում պաշտոնական էջ չունի. տարածվող ինֆորմացիան կեղծ է |fip.am|
14:56 - 06 մարտի, 2020

Բակո Սահակյանը Ֆեյսբուքում պաշտոնական էջ չունի. տարածվող ինֆորմացիան կեղծ է |fip.am|

fip.am: Մարտի 5-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեց տեղեկություն, թե Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք են բերվել 11 քաղաքացիներ և 27 զինծառայողներ՝ բարձր ջերմաստիճանով:

Հրապարակումը կատարվել էր Բակո Սահակյանը/Bako Sahakyan էջում: 

Էջում նշված է, որ դա Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական էջն է, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Էջը ստեղծվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Seyran Ohanyan անունով: Որպես էջը վարող օգտատիրոջ գտնվելու վայր՝ նշված է Ադրբեջանը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Google որոնողական համակարգը չի ճանաչում Արցախը որպես անկախ պետություն, այլ ներառում է այն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ այս փաստից պարզել, թե որտեղ է գտնվում էջը ստեղծողը, հնարավոր չէ:

Հատկանշական է, որ էջում վերջին շրջանում կատարվել է միայն այդ հրապարակումը։

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատեց, որ էջը կեղծ է, ավելին՝ ԱՀ նախագահը պաշտոնական էջ չունի Ֆեյսբուքում. «Դա ադրբեջանական ֆեյք էջ է: Մենք բազմիցս նման ֆեյք էջեր փակել ենք, բայց անընդհատ բացում են: Դրա համար մենք անգամ որևէ ձև չենք արձագանքում: Այդ էջով տարածվածը որպես տեղեկություն մի՛ ընդունեք: Բակո Սահակյանը Ֆեյսբուքում էջ չունի»:

Այսպիսով, քաղաքացիների և զինծառայողների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին տեղեկությունը սխալ է և տարածվել է ֆեյսբուքյան կեղծ էջից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել