Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|
18:00 - 07 մարտի, 2020

Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել: Այս մասին մարտի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը` նշելով, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից:

«Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե՛ դպրոցական անձնակազմի, թե՛ ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում, և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն է»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որը 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը, և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե՛ Շիրակի մարզպետին, թե՛ մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար:

Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է: Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրեց տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել