Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)
22:20 - 14 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

22։20-Սիրելի հայրենակիցներ,Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։Խոհեմություն և առողջություն բոլորին։ [Արարատ Միրզոյան]

22։00-Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ: [Արսեն Թորոսյան]

20:36-Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը: [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

20։30- Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրում են, որ հայ-իրանական սահմանը բաց է մարդատար մեքենաների համար։ Օգտատերերից մեկը նշել էր, թե երկու պարսկական մեքենա՝ իրանցի ուղևորներով, անցել է «Թասի ոլորաններ» կոչվող հատվածով։ Կառավարության՝ մարտի 2-ի որոշմամաբ արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան և ՀՀ քաղաքացիների ելքը դեպի իրան։ Որոշումով չի արգելվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Իրանից դեպի Հայաստան։ Սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։ |infocheck.am|

20։14- ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Հանձնարարվել է բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին, դադարեցնել երկրորդային գնումները և ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռք բերմանը և այն օգտագործել խիստ խնայողաբար:

 

19։58- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: [քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]

 

19։54- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։ Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա: [Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն]

 

19։49- Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 10 օր է՝ չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: ԲԿ-ի  թերապևտ-թոքաբան Ալվարդ Սամսոնյանի խոսքով՝ քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ կա, իրենցը չի աշխատում, սարքը վնասված է՝ արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են: Այսօր պոլիկլինիկայում հերթապահում էր ընդամենը մեկ թերապևտ թոքաբան։ |hetq.am|

 

19։09- Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի, իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:  Կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ԿԲ-ի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով։ [ՀՀ ԿԲ]

 

18։48- Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ, շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի։

 

18։46- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:

 

18։10- Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները։[Քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]

18։00- Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու՝ կորոնավիրուսով պայմանավորված։

 

17։53- Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ: [Արսեն Թորոսյան]

 

17։38- Երեկ մենք քննարկում ենք ունեցել, ունենք շատ հստակ որոշում, որ ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի մեծ տնտեսաան հնարավորություններով։ Որոշեցինք, թե ինչ պետք է աենք, որ տնտեսական խնդիրներ չունենանք։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։36- Եվրոպայի ռիսկային երկրներից եկող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։32- Որոշ ժամանակ ձեր շփումները սահմանափակե՛ք․ սիրելի՛ էջմիածինցիներ։ Անգամ նրանք, ովքեր ջերմություն չունեն, բայց շփվել են նշանդրեքի մասնակիցների հետ, թող ինքնամեկուսանան։ [Նիկոլ Փաշինյան]

 

17։17- Մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։  Պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե՞ ոչ, քանի որ նախագահ Վ․ Զելենսկին իր 13․03․2020թ․ ելույթում նշել է, թե 3 օրից փակվում են կանոնավոր թռիչքները, իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել հարցը և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն]

 

17։00- Չվերթների չեղարկման հետևանքով «Արմենիա» ավիաընկերությունը ֆինասական կորուստներ է ունենում:  Մոտավորպես կես միլիոն դոլարից ավել վերադարձ է եղել: [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան] |tert.am|

 

16։57- Երկուշաբթի մենք հատուկ ուղեցույցներ կհրապարակենք եւ կուղարկենք կազմակերպություններին՝ կանոնների պահպանման հետ կապված, կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին, որպեսզի մեր երեխաները շարունակեն կրթվել տներում: [ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|

 

16։51- Երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]

 

16։36- Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները: Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:

 

16։30- ԱԺ աշխատակազմի կողմից ձեռք են բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ԱԺ շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ԱԺ հարգելի՛այցելուներ, խնդրում եմ՝ մո՛ւտք գործեք  շենք՝ միայն ձեզ հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին։ [ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան]

 

16։10- «Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է իրականացնել Թբիլիսի - Երևան - Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար, քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից։ |azatutyun.am|

 

16։02- Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ, և  հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից: [ՏՄՊՊՀ]

 

15։45- ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, ԶՈՒ անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:

 

15։40- «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: «Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Belavia» ընկերությունը՝  Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ,  «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»։ |tert.am|

 

15։30- Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ՝ նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են։ [Համաճարակաբան Հայկ Կարապետյանը՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթի մասին] 

 

15։27- Վստա՛հ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, հետևե՛ք պաշտոնական լրահոսին։ Խնդրում եմ մեր՝ կանխարգելմանն ուղղված կոչերը տարածել ձեր շրջապատում և օրինակ ծառայել, որ մնացածն էլ հետևեն ձեր օրինակին։ [Արսեն Թորոսյան]

 

15։25- Պացինենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն 1-ի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է։ Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այդ պարզ կանոնները այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել։ [Արսեն Թորոսյան]

 

15։20- Եթե անխուսափելիորեն պետք է գտնվեք շատ կամ թեկուզ քիչ մարդկանց շրջապատում, խորհուրդ եմ տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, որ 1-2 մետր է, և նվազագույնի հասցնել անմիջական շփումը ձեռքսեղմման, համբուրելու, գրկախառնվելու ձևով։ [Արսեն Թորոսյան]

 

15։17- Հնարավոր է՝ ինֆորմացիայի բացակայության կամ այլ պատճառով լինեն որոշ անձինք, որոնք դեռ չեն բացահայտվել։ Դրա համար ուզում եմ խնդրել հետևել մեր վերջին օրերի կոչերին՝ օգտագործել առիթն ընտանիքի անդամների հետ ավելի շատ անցկացնելու և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային  միջոցառումների։ Ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս հետաձգել։ [Արսեն Թորոսյան]

 

15։10- Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և մեկուսացրել ենք։ [Արսեն Թորոսյան]

 

14։47- Շիրակի մարզում երեք քաղաքացի կորոնավիրուսի թեստ է հանձել, դրանց պատասխանները հայտնի կլինեն օրվա երկրորդ կեսից հետո։ Քաղաքացիներն օտարերկրացի են, նրանց մոտ Բավրայի անցակետում տաքություն են նկատել և անմիջապես տեղում մեկուսացրել են։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] 
|azatutyun.am|

 

14։40- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ |armenpress.am|

 

14։30- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:

 

14։25- Մարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, ԱՆ-ի ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։ Կիրառվելու են սահմանված կարգով ԱՆ-ի կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները: [Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]

 

14։05- Այս պահին հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել։ Հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է: [ՏՄՊՊՀ]

 

13։55- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։

 

13։50- Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և ձեր անվտանգությունից ելնելով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435:

 

13:45- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան] |armenpress.am|

 

13։40- Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]

 

13։35- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]

 

13։30- Հայ-վրացական սահմաններից քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշումից հետո մեծ թվով ջավախքահայեր հատել են հայ-վրացական սահմանը և մուտք գործել Հայաստան։ Քանի որ սահմանի փակումը նախնական 10 օրով է հայտարարվել, նրանք մտավախություն են ունեցել, որ այն հնարավոր է երկարացնեն, և իրենք չեն կարողանա մեկնել ՌԴէ արտագնա աշխատանքների։ Սահմանը հատած ջավախքցիները պատմեցին, որ սահմանին միայն ջերմաչափում էին քաղաքացիներին, այլ հատուկ ախտահանիչ միջոցներ չէին կիրառվում։ |hetq.am|

 

13։20- Եթե տանն եք եւ չեք ցանկանում հայտնվել սուպերմարկետների մեծ հերթերում, որտեղ կա նաեւ հավանական վարակակիրներին հանդիպելու հնարավորություն, կարող եք ձեր առեւտուրն անել առցանց: Հայաստանում օնլայն սուպերմարկետների պակաս չկա, եւ ընտրությունը մեծ է: Նշենք մի քանիսը՝ www.sas.am, www.supermarket.am, www.parma.am: Այս տիպի առեւտուրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումներն անհատների հետ, քանի որ հանդիպում եք միայն առաքիչին՝ ապրանքը ստանալիս: |itel.am| 

 

13։15- Կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված՝ երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

13։00- Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հերքում էտարածվող լուրերը՝ հայտնելով, որ Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա,  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։ |infocheck.am|

 

12։50- Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: |hetq.am|

 

12։42- Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: [Արսեն Թորոսյան]

 

12։40- Կարելի է օգտագործել մեր իրականության մեջ աշխատող մեկ այլ մեխանիզմ, երբ թեկնածուն անցնում է համայնքներով և բարձրախոսով դիմում է բնակչությանը (2017-ին ԵԼՔ դաշինքի օրինակով)՝ միևնույն ժամանակ հատուկ շեշտելով, որ մնացեք տանը և պատուհաններից ու պատշգամբներից լսեք, խուսափեք մոտիկ շփումից։ Արցախում այսպիսի մոտեցումը նույնպես կարող է աշխատել։ Վստահ եմ, որ մեթոդը կարող է նպաստել ու ստիպել, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ավելի կենտրոնանա հենց իր նախընտրական ծրագրի ներկայացման վրա, այլ ոչ թե երկրորդ նախադասությունից հետո սկսի քննարկել ուրիշներին։ [Թևան Պողոսյանը՝ Արցախի ընտրությունների մասին]

 

11։50- ՀՀ-ում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի հանրային կապերի բաժնից: 
|panarmenian.net|

 

11։35- Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների՝ դիմակների, ձեռնոցների, ախտորոշիչ սարքերի առաջին խմբաքանակը: Դրանք կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ |amerkayidzayn.com|

 

11։15- Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]

 

10։30- Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին՝

  1.  Խուսափել հասարակական վայրեր այցելելուց.
  2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ.
  3.  պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել.
  4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները.
  5. Բարձր ջերմություն , հազ հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և
  6. առողջապահության նախարարության թեժ գծին 8003 համարով։

[«Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար Հայկուհի Գյոկչյան]

 

10։20- Օրենքը նախատեսում է 2 ձևակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը: [ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրաքվեն դադարեցնելու մասին] |armtimes.com|

 

10։00- Երևանի քաղաքապետի կարճատև արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես և նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երևանում, որևէ վարակով վարակված չէ:  Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետևելով առողջապահության նախարարության հրահանգներին: [Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]

 

09:30- Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

08:52- Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս էր կասկածվում: Ես ու Աննան կինքնամեկուսացվենք: Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը հերքվեց, մենք ջերմությունները չափեցինք, ջերմություն չունենք, ամեն դեպքում մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղը առավոտյան թեստ կհանձնենք: [Նիկոլ Փաշինյան]

 

08:50- Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից: Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: [Արսեն Թորոսյան]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել