armtimes.com: Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել եւ հասցված վնասը փոխհատուցել:
Հայցը ներկայացվել է մարտի 10-ին եւ մակագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Հայցի պատճառի մասին ավելի վաղ Գրիգորյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը խոսել էր լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ մարզպետը հայտարարել է, թե Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ: Նա մեջբերել էր Սարգսյանի խոսքը, որն իրենք զրպարտություն են համարել. «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քրեական գործ կար հարուցված, այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու, ապա անօրինական սեփականցնելու հետ կապված։ Քրգործի շրջանակում համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը»։
comment.count (0)