Գարիկ Սարգսյան

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետն է 2018 թվականի հունիսի 1-ից։

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում:

2004թ․ ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտության բաժին: 2005-2007թթ․ ծառայել է ՀՀ Զինված Ուժերում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը: Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին: 2010-2012թթ․ սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ: 2012-2015թթ․ աշխատել է ՌԴ-ում։
 
2015-ի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: Ղեկավարել է ՔՊԿ-ի Նոր Կյանքի տարածքային կառույցը։ 2016թ․  սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ։ 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
 
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն։ 2019-ի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Երկու շաբաթ առաջ «Ինֆոքոմն» ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայտարարագրերում ներկայացված տվյալները ու պարզել, որ վերջինս 2023 թվականին ստացել է 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվիրատվություն իր հորից ու 43 մլն դրամ (100 հազար դոլարից ավելի)՝ իր ազգականից։ Ավելին, Գարիկ Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի հայտարարագրում ներկայացված տվյալների վերլուծությամբ պարզել էինք, որ նվիրաբերված գումարից 9 միլիոն դրամի ծագումն անհայտ է և արտացոլված չէ հայտարարագրում: Հայտարարագրերում արձանագրված այս խնդիրների վերաբերյալ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստանալու համար՝ հուլիսի 26-ից փորձում էինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն ապարդյուն։ Արդեն հուլիսի 29-ին Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն առաջարկեց գրավոր ուղարկել հարցերը։ Հուլիսի 29-ի կեսօրին գրություն ուղարկեցինք՝ խնդրելով արձագանքել մինչև հուլիսի 30-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։ Մինչև հուլիսի 31-ը չստանալով արձագանք՝ հրապարակեցինք «Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն» հոդվածը։ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստացանք հրապարակումից 1 օր անց՝ օգոստոսի 1-ին։   Ի՞նչ նպատակով է ստացվել ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը Գարիկ Սարգսյանին հարցրել էինք՝ արդյո՞ք ազգակցական կապ ունի 43 միլիոն դրամ նվիրատվություն կատարած Արմեն Եղյայանի հետ, և թե ի՞նչ նպատակով է վերջինս այդքան նվիրատվություն արել։ Համայնքապետը պատասխանել է. «Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ, թե ինչ նպատակով է կատարվել 43 մլն դրամի նվիրատվությունը, նշեմ, որ նվիրատվությունը, ի տարբերություն նվիրաբերության, չի կատարվում որոշակի նպատակներով, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»,- նշված է Սարգսյանի պատասխանում։ Այսպիսով, Գարիկ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված պաշտոնյայի ստացած՝ ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը։  Գարիկ Սարգսյանը միակ պետական պաշտոնյան չէ, որը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել։ Այդ նվիրատվությունների թափանցիկության, դրանց աղբյուրների հետագծելիության ապահովման մեխանիզմներ, սակայն, չկան։ Արդյո՞ք պաշտոնատար անձի՝ խոշոր դրամական նվերներ ստանալը կապ ունի իր պաշտոնեական գործունեության հետ, արդյո՞ք այդ անձը նմանատիպ խոշոր նվիրատվություններ ստացել է մինչև պաշտոնյա դառնալը, նվիրատվությունը ստացվել է կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով, արդյո՞ք նվիրատվությունը հիմնավորվում է նվիրատուի օրինական եկամուտներով։ Սրանք ողջամիտ հարցեր են, որոնք կարող են ծագել այն հարկատուների մոտ, որոնց հարկերից վճարվում է պաշտոնատար անձը։ Այս հարցերի պատասխանները կարող է ստանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով), որը, օրենքով սահմանված կարգով կարող է պարզաբանումներ հայցել պաշտոնատար անձից, ինչպես նաև իրավիճակային հայտարարագիր պահանջել նվիրատուից։    Որտեղից են գոյացել համայնքապետի հոր՝ 9 միլիոն դրամի միջոցները Գարիկ Սարգսյանին նաև հարցրել էինք, թե որտեղից են գոյացել իր հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 9 միլիոն դրամի միջոցները և ինչու դրանք արտացոլված չեն հայտարարագրում։ Վերջինս իր պատասխանում նշել է, որ ընդհանուր 13 մլն դրամի ծագման աղբյուրը արտացոլված է Մնացական Սարգսյանի դեռևս 2021թ. տարեկան հայտարարագրում՝ որպես Արարատի մարզում գտնվող երկու անշարժ գույքերի վաճառքից ստացված դրամական միջոց, որից 10 մլն դրամը 2022թ. ավանդ է դրվել բանկում և նույն տարում հանվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլված է վերջինիս 2022թ․ տարեկան հայտարարագրում։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում իսկապես երևում է, որ Մնացական Սարգսյանը վաճառել է 2 հողամաս, բայց ի՞նչ արժեքով է վաճառել այդ հողամասերը՝ «Օտարված անշարժ գույքի գինը և արժեքը» դաշտում չենք տեսնում։ Հայտարարագրի եկամուտների բաժնում ևս արտացոլված չէ հողամասերի վաճառքից ստացված եկամուտը։  Ինֆոքոմը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իմանալու, թե արդյոք Մնացական Սարգսյանը հայտարարագրում ներկայացրել է անշարժ գույքերի օտարման գնի և դրանից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և հնարավո՞ր է, որ այս տվյալները ներկայացված լինեն հայտարարագրերում, սակայն արտացոլված չլինեն հայտարարագրի հրապարակային հատվածում։ Հանձնաժողովից պատասխանել են, որ անշարժ գույքերի օտարման արժեքները լրացվել են  «Անշարժ գույք» բաժնում, սակայն դրանք համակարգ չեն տեղափոխվել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդրի պատճառով։ Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա եկամուտներ» բաժնում դրանք որպես եկամուտներ հայտարարագրված չեն:  Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի պատասխան մեր հարցերի՝ Վեդու համայնքապետը պարզաբանել է նաև, թե ինչպես է իր հոր՝ 2022 թվականի տարեվերջին հայտարարագրված 1 մլն 200 հազար դրամը 2023-ի տարեսկզբին դարձել 10 մլն 200 հազար դրամ։ «Ինչ վերաբերում է հորս հայտարարագրում 2022 թվականի տարեվերջին առկա 11 200 000 դրամի փոխարեն 1 200 000 դրամի կանխիկ գումարի հիշատակմանը, ապա տեղեկացնում եմ, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակի արդյունք է, որն ուղղելու համար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչին մինչ այժմ ընթացք չի տրվել»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրինք՝ արդյո՞ք ստացել են նման դիմում։ Հանձնաժողովից հայտնել են, որ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է, սակայն փոփոխություններ կատարելու գործընթացը դեռևս չի իրականացվել՝ պայմանավորված նրանով, որ hամակարգում դեռևս ապահովված չէ 2022 թվականի տարեկան հայտարարագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:   Ինչու է անհրաժեշտ հայտարարագիր լրացնելիս հետևել հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցներին Գարիկ Սարգսյանից հարցրել էինք նաև՝ 2023 թվականին հասարակական նշանակության 2 շինությունների ¼ մասնաբաժնի գնման գործարքների վերաբերյալ նշված 36 միլիոն դրամ և 177 միլիոն 700 հազար դրամ գները մասնաբաժնի՞, թե՞ ամբողջ շինության արժեքներն են։ Գարիկ Սարգսյանն այս հարցին ի պատասխան նշել է․  «[․․․] եթե Ձեր կողմից չդրսևորվեր ավելորդ շտապողականություն (հետևաբար նաև չէր տաոածվի չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ), ապա սահմանված ժամկետում կտեղեկացվեիք, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը, շուրջ՝ 53 մլն դրամով, իսկ 36 մլն և 177,7 մլն դրամը թվով երկու հասարարական նշանակության շինությունների ընդհանուր արժեքն է, որոնցից ինձ է պատկանում միայն 1/4 բաժնեմասը»։ Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցի, բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։  «Համատեղ կամ բաժնային սեփականությամբ հայտարարատուին պատկանող գույքի ձեռքբերման գործարքները գրանցելիս՝ հայտարարատուն «Ձեռքբերման արժեքը» դաշտում նշում է գույքի միայն իրեն պատկանող մասի արժեքը, բացառությամբ ամուսինների համատեղ սեփականության առարկա հանդիսացող գույքի»,- նշված է  ուղեցույցում։ Այնուամենայնիվ, արձագանքի բացակայության պայմաններում, առաջնորդվելով պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման ուղեցույցները ոչ պատշաճ ուսումնասիրելու կանխավարկածով, խմբագրությունը հանրությանն է ներկայացրել այս երկու գույքերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկման երկու տարբերակ․ եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։ Եթե Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը, ապա ստացած նվիրատվությունների օգնությամբ նա կկարողանար ձեռք բերել այդ գույքը։  Այսպիսով, Գարիկ Սարգսյանը «Ինֆոքոմի» խմբագրությանը մեղադրում է ավելորդ շտապողականություն դրսևորելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ այն պարագայում, երբ ինքն անձամբ է հայտարարագրման ենթակա տվյալները սխալ լրացրել, ինչպես նաև համայնքային հեռախոսահամարներով իր կամ համայնքային պաշտոնյաների հետ պատշաճ կապի հնարավորություն չի ապահովել և հարցերը գրությամբ ներկայացնելու պայմանավորվածությունից հետո արձագանքի համար տրված ժամկետում չի օգտվել իր արձագանքի հնարավորությունից։  Ինֆոքոմը առաջիկայում կանդրադառնա նաև խոշոր չափի նվիրատվություններ ստացող այլ պաշտոնատար անձանց ևս։   Հեղինակ՝ Սուսինա ԽաչատրյանԽմբագիր՝ Սևակ Մամյան  
18:11 - 16 օգոստոսի, 2024
Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն

Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն

2023 թվականին Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 53 մլն դրամի նվիրատվություն է ստացել, որից 10 միլիոնը՝ հորից, իսկ 43 միլիոնը՝ ազգականից։  Համայնքապետի հոր՝ Մնացական Սարգսյանի վերջին տարիների եկամուտներով, սակայն, նվիրաբերված գումարը չի հիմնավորվում։   Նա 2022 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 1․2 մլն դրամ կանխիկ դրամ։ Նույն տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են ընդամենը 218 հազար դրամ։  2023 թվականի տարեսկզբի դրությամբ՝  նվիրատվությունից առաջ, համայնքապետի հայրը հայտարարագրել է 10․2 միլիոն դրամի կանխիկ դրամ։ Նշենք, որ 2023-ին վերջինս որևէ եկամուտ չի հայտարարագրել։  Հոր՝ որդուն կատարած 10 միլիոն դրամի նվիրատվության աղբյուրը պարզ կլիներ, եթե նախորդ տարիների հայտարարագրերում այն արտացոլվեր։ Քանի որ 2022 թվականին Մնացական Սարգսյանը հայտարարագրել է միայն 1.2 մլն դրամ կանխիկ և 218 հազար դրամ եկամուտ, 2023 թվականի տարեսկզբի դրությամբ նրա հայտարարագրած 9 մլն դրամի ծագումն անհայտ է։  Նշենք, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ևս Գարիկ Սարգսյանի հայրը չի հայտարարագրել եկամուտներ, իսկ հայտարարագրած կանխիկ գումարը եղել է առավելագույնը 670 հազար դրամ։  Վեդու համայնքապետին մեկ այլ շռայլ նվիրատվություն իրականացնողն էլ նրա ազգականն է՝ Արմեն Եղյայանը։ Վերջինս ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով զբաղվող և այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած «Արտինա» ՍՊԸ ընկերության սեփականատերն է, ինչպես նաև ՌԴ-ում գրանցված  «ՕՆԻԿՍ-ՄՌ»  ճանապարհաշինարարական ընկերության գլխավոր տնօրենը։    Նվիրատվությամբ համայնքապետն անշարժ գույք է ձեռք բերել 2023 թականին Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը երկու խոշոր գնում է կատարել։ Նախ հոկտեմբերին, այնուհետև դեկտեմբերին նա Դիլիջանում գնել է հասարակական նշանակության երկու շինություն։ Գործարքի մյուս կողմը հանդիսացել է «ՇԻՆ ՏԵԽ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ սեփականատեր Բակուր Բորիսի Թամրազյանը։  Ըստ 2023 թվականի հայտարարագրի՝ համայնքապետն այս շինությունների 25% մասնաբաժնի ձեռքբերման համար վճարել է համապատասխանաբար 177․7 մլն և 36 մլն դրամ։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։ Հետևաբար, եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։ Այնուամենայնիվ, ընդունենք, որ Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը։ Այդ դեպքում կստացվի, որ Գարիկ Սարգսյանը այս շինություններում իր մասնաբաժինների ձեռբերման համար վճարել է համապատասխանաբար  44․4 մլն և 9 մլն դրամ։ Իր 5․5 մլն դրամ աշխատավարձով Գարիկ Սարգսյանը այսքան ծախս ևս չէր կարող իրականացնել։ Սակայն, այստեղ նրան օգնության են եկել հոր և ազգականի՝ 53 մլն դրամի նվիրատվությունները։ Գրությամբ դիմեցինք Գարիկ Սարգսյանին՝ նրա արձագանքը ևս հրապարակման մեջ ներառելու համար։ Խնդրել էինք հարցերին պատասխանել մինչև հուլիսի 30-ը, սակայն դեռևս պատասխան չենք ստացել։ Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավար է դարձել 2022 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, իսկ դրանից առաջ՝ Արարատի մարզպետի պաշտոնները։ Սուսինա Խաչատրյան
20:38 - 31 հուլիսի, 2024
Գարիկ Սարգսյանն ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը

Գարիկ Սարգսյանն ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը

Հանդիսավոր արարողությամբ Գարիկ Սարգսյանն այսօր ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր: Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Գարիկ Սարգսյանը երդվել է պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն ժողովրդի, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Ելույթի իր խոսքում, շնորհավորելով Գարիկ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի և Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արարատի մարզպետն ասել է․ «Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել ձեր ուսերին, բայց ուզում եմ, որ վստահ լինեք՝ դուք թիմ ունեք, ովքեր պետությանը, սեփական ժողովրդին սիրել և հարգել գիտեն։ Վեդի խոշորացված համայնքն ի դեմս ձեզ՝ զարգանալու է։ Ես վստահ եմ, որ 5 տարի անց էլ վեդեցիները, տեսնելով ձեր կատարած մեծածավալ աշխատանքը, իրենց ձայնը կրկին վստահելու են ձեզ»։
17:24 - 16 ապրիլի, 2022
Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։
10:10 - 05 հունվարի, 2022
ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»։ Նշենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%:
11:10 - 16 դեկտեմբերի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ,   Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն։ Մեր երկրի համար այս դժվար օրերին, թեև ես հրաժարական եմ տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու եմ իմ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակացուցվածքների նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև Արարատի մարզի համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աշխատակիցներին: Մնացե՛ք խաղաղությամբ, լինենք միասնական և միահամուռ ուժերով հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»:
18:58 - 09 դեկտեմբերի, 2020
Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է

Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․   «Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալներին։   Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։ Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։   Պետք չէ արձագանքել նման գրառումներին՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։   Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ կեղծիքի են դիմում՝  
20:47 - 27 նոյեմբերի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020
Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին օգոստոսի 11-ին մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը: Ինչպես տեղեկացրեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:  Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:  Ներկայում Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:
17:57 - 11 օգոստոսի, 2020
Արարատի մարզում մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արարատի մարզում մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արարատի մարզում մեծ թափով ընթանում են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները՝ ասֆալտապատումից մինչև խմելու ջրի գրագծի կառուցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արարատի մարզպետարանի կողմից իրականացվող մշտադիտարկմանն այսօր մասնակցել եմ նաև ես: Շրջայց եմ կատարել մարզի Այգավան, Նարեկ և Շահումյան համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին»,-գրել է մարզպետը: Այգավան համայնքում իրականացվում են դեպի մանկապարտեզ տանող Գառնիկ Ղուկասյան փողոցի 630 մետր և 276 մետր հատվածների ասֆալտապատման աշխատանքներ: 2019թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 300 մ ասֆալտապատում, ներկայումս 34.4կմ-ից ասֆալտապատ է 25%-ը: Ծրագրով ներկայացված փողոցները տանում են դեպի մանկապարտեզ, որից օգտվում է 130 երեխա, իսկ ճանապարհի երկրորդ հատվածը տանում է Արցախյան պատերազմի հերոսների հուշահամալիր: Ծրագրի արժեքը կազմում է 56 285 900 դրամ: Նարեկ համայնքում կառուցվում է 356,5 մ երկարությամբ արտաքին կոյուղագիծ և 756,1 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ: Ջրամատակարարման տևողությունը կհասնի օրական 12 ժամի: Ներկայումս ապահովվում է 2 ժամ խմելու ջրի մատակարարում: 2019թ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է խմելու ջրագծի մի հատվածը և պոմպակայանը, սույն ծրագրով այն կամբողջանա: Համայնքն ունի 2 օրվա կարգավորող ջրամբար՝ 250 և 500 տոննա տարողությամբ, որոնք աշխատում են անխափան: Ծրագրի արժեքը կազմում է 17 247 440 դրամ: Շահումյան համայնքում նախատեսվում է Շահումյան համայնքի կենսական նշանակություն ունեցող և առավելագույնս բանուկ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ մոտ 700 մ երկարությամբ 50WT հզորությամբ 218 LED լուսատուների տեղադրմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 29 365 150 դրամ: Աշխատանքներին հետևելու ընթացքում մարզպետը զրուցել է նաև համայնքների բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները՝ կատարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին:
18:27 - 30 հունիսի, 2020
Վարչապետի հրապարակած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Վարչապետի հրապարակած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի էջում տեղադրված լուսանկարի հետքերով աշխատանքից ազատվել է Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին, տնօրենն էլ ստացել է խիստ նկատողություն։   «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին», - գրել է մարզպետը։  
12:54 - 06 հունիսի, 2020