tert.am: Խորհուրդ կտամ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակին և պատասխանելով վերջինիս հայտարարության հետ կապված հարցին: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության:
Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որևէ ձևով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը և արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով: Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը և ժողովրդավարությանը:
Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական, և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է:
Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ:
Օրինակ, մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով:
Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին»:
comment.count (0)