#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով
15:49 - 17 մարտի, 2020

#ՀանգիստՆստեքՏանը․Վիրտուալ շրջայցեր աշխարհի ամենահայտնի թանգարաններով

Տանն ինքնամեկուսանալն այնքան ձանձրալի չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Սա հնարավորություն է, որից պետք է քաղել հնարավոր բոլոր օգուտները։ #ՀանգիստՆստեքՏանը շարքով փորձելու ենք ներկայացնել առցանց ժամանցի, կրթության և պազապես օրը հագեցած ու արդյունավետ անցկացնելու ճանապարհները։ Դե ինչ, առօրյան նոր բացահայտումներով անցկացնելու ու գիտելիքներ ձեռք բերելու տարբերակներից մեկը թանգարաններ այցելելն է, բայց այս իրավիճակում՝ վիրտուալ։ Google-ն իր արվեստ և մշակույթ բաժնում առանձնացրել է աշխարհի ամենահայտնի թանգարանները և պատկերասրահները, որոնք ունեն վիրտուալ շրջայցերի և առցանց ցուցադրությունների հնարավորություն։ Ահա դրանցից մի քանիսը․

Բրիտանական թանգարան, Լոնդոն

Լոնդոնի սրտում տեղակայված այս թանգարանը վիրտուալ այցելուներին թույլ կտա շրջել Մեծ դատարանով, տեսնել հնագույն Ռոզետա քարը, ինչպես նաև հանդիպել եգիպտական մումիաների: Այս ամենից բացի թանգարանի վիրտուալ շրջայցում կարող եք գտնել նաև հարյուրավոր արտեֆակտներ:

Գուգենհեյմի արվեստի թանգարան, Նյու Յորք

Google- ի Street View-ի միջոցով կարող եք շրջել Գուգենհայմի հայտնի պարույրային սանդուղքով առանց տնից դուրս գալու: Այստեղ կգտնեք արվեստի գործեր իմպրեսիոնիստական, հետիմպրեսիոնիստական, մոդերն և ժամանակակից դարաշրջաններից:

Վան Գոգի թանգարան, Ամստերդամ

Եթե դուք այս ողբերգական ու սրամիտ նկարչի աշխատանքների սիրահար եք, ապա այս հղումը հաստատ պետք կգա։ Այցելելով թանգարան կտեսնեք՝ Վինսենթ Վան Գոգի գեղարվեստական ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն, որն ընդգրկում է 200-ից ավելի նկար, 500 գծանկար և 750 անձնական նամակ:

Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն

Ամերիկյան արվեստի այս հայտնի թանգարանն առաջարկում է երկու առցանց ցուցադրություն. առաջինը 1740-1895 թվականների ամերիկյան նորաձևության մասին է, այն ներառում է հագուստներ անգամ գաղութային և հեղափոխական դարաշրջանից, իսկ  երկրորդը՝ հոլանդացի բարոկկո նկարիչ Յոհաննես Վերմերի ստեղծագործությունների հավաքածուն է։

Օրսե թանգարան, Փարիզ

Սեն գետի ձախ ափին գտնվող ու Փարիզում ամենաշատ այցելվող այս թանգարանում ներկայացված է 19-րդ դարի (1848 թվականից սկսած) և 20-րդ դարի (մինչև 1914) Եվրոպական արվեստը։ Կտրելով հեռավորությունը՝ կարող եք ծանոթանալ Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի,  Պոլ Գոգենի և այլ հանրաճանաչ նկարիչների աշխատանքներին։

Ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Սեուլ

Թանգարանն ամենահայտնիներից է Հարավային Կորեայում։ Այստեղ ներկայացված է ժամանակակից արվեստի ավելի քան 7000 նմուշ, որոնք թույլ կտան ձեզ ծանոթանալ ինչպես կորեցի նկարիչների՝ Պակ Սուգին, Կո Խիդոն և Կիմ Խվանգի, այնպես էլ աշխարհահռչակ նկարիչների՝ Միքելանջելո Պիստոլետտո, Յոզեֆ Բոյս, Էնդի Ուորհոլ, Գեորգ Բազելից աշխատանքներին։

Պերգամոն թանգարան, Բեռլին

Գերմանիայի ամենամեծ թանգարաններից Պերգամոնը շատ ճկուն է վիրտուալ այցելուների համար առաջարկներով։ Այս պատմական թանգարանում պահվում են երեք թանգարանների ցուցանմուշներ` Անտիկ շրջանի թանգարան, Իսլամական արվեստի և Առաջավոր Ասիայի արվեստի թանգարաններ: Այնտեղ են ցուցադրված բազմաթիվ հնագույն իրեր, ինչպիսին է օրինակ՝ Բաբելոնի Իշտարի դարպասը, Միլեթյան շուկայի դարպասները և Պերգամոնի խորանը:

Սա, իհարկե, վիրտուալ այցելությունների ցանկում ընդգրկված թանգարանների և պատկերասրահների մի փոքր հատվածն է։ Ծանոթացե՛ք մյուսներին այստեղ։

Սաթենիկ Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել