Ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները արտակարգ դրության պայմաններում |hetq.am|
09:46 - 19 մարտի, 2020

Ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

hetq.am: Դեռ մարտի 14-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանյանի հրամանով՝ առնվազն մինչև մարտի 23-ը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով՝ փակվել էին ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Սա աշխատանքային արտակարգ իրավիճակ էր, որին առնվազն վերջին 10 տարիներին չէին բախվել հայաստանյան մշակութային հաստատությունները։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ օրեցօր զարգանում են տեղեկատվական միջոցները, մշակութային հաստատությունները նույնպես գտնում եմ նորագույն միջոցներ՝ այցելուներին և հասարակությանն առավել հասանելի լինելու և նոր մոտեցումներ առաջարկելու համար։ Երբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, պարզ դարձավ, որ մինչև ապրիլի 14-ը, թերևս, փակ կլինեն նաև բոլոր թանգարանները։ 

Հայաստանի պատմության թանգարանը երկրի ամենախոշոր թանգարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1919 թվականին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Պատմության թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս կայքի պաշտոնական էջում առցանց տարբերակով շրջել թանգարանի ցուցասրահներում, իսկ «360 stories» ցանցը հնարավորություն է տալիս շրջել միայն թանգարանի նախասրահում։

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ազգային պատկերասրահի մամուլի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը նշում է, որ Ազգային պատկերասրահը այս պահին վիրտուալ այցելության հնարավորություն չունի, սակայն քննարկումներն այդ ուղղությամբ իրականացվում են։

Առաջիկայում պատկերասրահի ֆեյսբուքյան էջով կտարածվեն մի շարք ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնք մինչ այս պահը հասանելի չեն եղել լայն հանրությանը։ Բացի այդ, մյուս տարի լրանում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը, որի շրջանակներում պատկերասրահը սկսում է «#100-ամյա պատմություն» խորագրով առցանց նախագիծ։ Նախագծի շրջանակներում պատկերասրահի պաշտոնական էջում հնարավոր կլինի գտնել տարբեր տարիների լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: Հայաստանի ազգային պատկերասրահը կոչ է անում իրենց ուղարկել արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, որոնք կհրապարակվեն պատկերասրահի էջում։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ընդգրկում է հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գործիչների, հայագիտական երախտավորների անհատական, նաև մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական գիտական հաստատությունների ու խմբագրությունների մեծածավալ ֆոնդեր։ Ի տարբերություն մի շարք այլ թանգարանների, գրականության և արվեստի թանգարանը «360 stories» ցանցում ունի վիրտուալ այցելության հնարավորություն։ Դրա շնորհիվ հնարավոր է տեսնել թանգարանի մշտական ցուցադրությունը, որը ներառում է հայ գրողների կյանքին և գործունեությանը վերաբերող բազմաթիվ ցուցանմուշներ, հայկական մշակույթին և արվեստի առանձին ճյուղերին վերաբերող ցուցասրահներ։

Թանգարանի ֆեյսբուքյան էջից էլ պարզ է դառնում, որ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110 ամյակին ընդառաջ, թանգարանի էջում յուրաքանչյուր օր հրապարակվելու է Դաշտենցի կյանքին և գործնեությանն առնչվող հետաքրքիր լուսանկարներ՝ ուղեկցող տեղեկություններով:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչական աշխատանքների թանգարան է Երևանում։ Հիմնադրվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ստեղծած ժողովրդական արվեստի պետական թանգարանի հիման վրա։ 

«360 stories» ցանցում կարելի է գտնել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոն վիրտուալ այցելության հնարավորությունը, որը թույլ է տալիս ծանոթանալ թանգարանի առանձին ցուցասրահներին և ցուցանմուշներին։

Թանգարանի ցուցասրահներում կարելի է տեսնել գորգագործության, ասեղնագործության և ժանեկագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մետաղի գեղարվեստական մշակման, գեղանկարչության ցուցանմուշներ։ Ցուցադրությանը առանձին ցուցանմուշներին կարելի է ծանոթանալ նաև թանգարանի յութուբյան էջում բեռնված հոլովակից։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել