Մարդիկ դժգոհում են՝ իրենց չեն թեստավորում․ ԱՆ պարզաբանում է՝ որ դեպքերում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում |hetq.am|
17:14 - 20 մարտի, 2020

Մարդիկ դժգոհում են՝ իրենց չեն թեստավորում․ ԱՆ պարզաբանում է՝ որ դեպքերում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում |hetq.am|

hetq.am: Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի մեծամասնությունը համաճարակաբանորեն կապված է Էջմիածնի հետ։

Այս օրերին Էջմիածնի բնակիչներից ոմանք հայտնել են, որ ունեն կորոնավիրուսին նման մի քանի ախտանիշներ՝ ջերմություն, չոր հազ, դժվար շնչառություն և թուլություն, դիմել են ԱՆ թեժ գծին, սակայն իրենց չեն թեստավորել, քանի որ իրենք ոչ վտանգավոր երկրից են եկել, ոչ էլ շփվել են հաստատված վարակակրի հետ։ ԱՆ-ից առաջարկել են մեկուսանալ։

Առողջապահության նախարարությանը տեղեկացրինք քաղաքացիների ահազանգերի մասին։

ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ թեստավորման համար անհրաժեշտ են հստակ ցուցումներ․

«Մեր խորհուրդները հետևյալ են՝ ԱՀԿ նորմերի (Առողջապահական համաշխարհային կազմակերպություն) համաձայն, անձի առաջին գործողությունը պետք է լինի ինքնամեկուսացումը, երկրորդը՝ գոնե մի 14 օր սպասելը։ Այդ 14 օրվա ընթացքում պետք է ի հայտ գան ինչ-որ ախտանշաններ։ Եթե այդ անձը չունենա ջերմության բարձրացում, տատանում, հազ և այլն, ուրեմն արդեն նպատակ էլ չկա թեստավորելու։ Բայց եթե ինչ-որ բան կփոխվի, առողջական այլ ախտանշաններ ի հայտ կգան, անպայման, առաջին հերթին պետք է կապվի իր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, տեղեկացնի է այդ մասին ու արդեն բժշկական ցուցումով, զննությամբ՝ ինքը կարող է ուղղորդվել։ Դա կլինի հաջորդ քայլը , բայց, որպես սկզբի քայլ, եթե այդ անձը վստահ չի՝ ինչ-որ կասկածելի մեկի հետ է շփվել, թե ոչ, դա ինքնամեկուսացման 14 օրն է»։

Լ․ Բաբախայնանն ընդգծեց, որ թեստավորման ցուցման համար, բացի այդ ախտանշանների ակայությունից, կարևոր է, որ անձը վարակակրի կամ վտանգավոր երկրից ժամանած անձի հետ շփված լինի․

«Որպես թեստավորման ցուցում՝ մի քանի բան ենք զուգահեռ դիտարկում՝ և՛ անամնեզը պետք է լինի, և՛ շփման շրջանակը, այսինքն՝ կոնտակտ ունեցած լինի և այլն։ Ճիշտ է, շատերը անհագստանում են, ասում են՝ քաղաքային տրանսպորտով ենք երթևեկել և այլն բայց վիրուսի անցնելու համար պետք է որ այդ հիվանդը կոնկրետ փռշտացած լինի, որ փռշտալու ընթացքում այդ արտազատուքները թռած լինեն, հետո մեկ մետր հեռավորությունը պետք է խախտած լինի, լինի սերտ շփում, խոսակցություն, այսինքն՝ պատճառ լինի, որ  վիրուսը մեկի օրգանիզմից դուրս գա ու հայտնվի մյուսի օրգանիզմում, -ասում է Լ․ Բաբախանյանը։ -Օրգանիզմը պետք է նշաններ տա՝ ջերմություն, հազ, շնչարգելություն և այլն, թե չէ այսպես բոլորը, կուզենան գնան, թեստավորվեն ու ապահովված լինեն։ Իրականում՝ արդյոք կա՞ այդ անհրաժեշտությունը»։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել