Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց |aliq.ge|
14:36 - 21 մարտի, 2020

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:

Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել