Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող)
23:01 - 22 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող)

22։59- Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ ինձ մոտ COVID-19 թեստը դրական է։ Իմ ընտանիքն ու ես կմնանք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի։ Այս պահի դրությամբ մենք մեզ լավ ենք զգում։ Ես բոլորին խնդրում եմ զգույշ լինել, հետևել խորհուրդներին, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, անել ամեն հնարավորը՝ կանխելու վարակի հետագա տարածումը, և ամենակարևորը՝ մնացե՛ք տանը, եթե կարող եք։ [Պլասիդո Դոմինգո]

 

22։10- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկուսացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը նա շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված բժշկի հետ։ [Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Սայբերտ] |dw.com|

 

20։28- Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։ |hetq.am|

 

19։54- ՌԴ վեց շրջաններում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 61 նոր դեպք է արձանագրվել: |factor.am|

 

18։47-  Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով։ [Հայաստանում Վրաստանի դեպանություն]

 

18:03- Մարտի 22-ի դրությամբ՝ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  151 հազար 587 հաստատված դեպք, դրանից մահվան՝ 7 426 հաստատված դեպք։
Ինչ վերաբերում է համաշխարհային տվյալներին, մարտի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ (միջին եվրոպական ժամանակ), աշխարհի 184 երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 267 հազար 13 և դրանից մահվան 11 հազար 201 հաստատված դեպք։ |armenpress.am|


18:00- Եվրոպայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53․578, Իսպանիայում՝ 24․926 և Գերմանիայում՝ 21․463։


17:40- Ուկրաինայում մարտի 22-ի դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 47 դեպք, ապաքինվել է 1 մարդ, մահացել՝ 3-ը։


17:00- Մարտի 23-ից Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ։ Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար: ՌԴ-ն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ: Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը: |tert.am|


16:40- Իտալական Յուվենտուսի կիսապաշտպան Պաուլո Դիբալան և Միլանի լեգենդ Պաոլո Մալդինին վարակվել են կորոնավիրուսով, նրանք իրենց լավ են զգում, տեղեկացնում է BBC-ն:


15:50- Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 21,6 հազարի։ Վերջին օրվա ընթացքում վարակման 1028 նոր դեպք է արձանագրվել, 129-ը մահացել են։ Մինչ այժմ մահացածների թիվը 1685 է, առողջացել է 7913 մարդ։ [Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վախաբաձե] |factor.am|


14:20- ԱՄԷ առողջապահության նախարարությունը հայտարարել է հանրային եւ մասնավոր լողափերի ու լողավազանների, նաեւ արգիների, կինոթատրոնների եւ մարզասրահների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին՝ սկսած մարտի 22-ից 2 շաբաթ ժամկետով։ Վերջին տվյալներով՝ երկրում կա կորոնավիրուսով վարակված 153 մարդ: |news.am|


13:50- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բրիտանական հասարակությանը խուսափել Մայրության օրը ծնողներին այցելելուց։ Նա առաջարկել է «խուսափել ցանկացած ոչ պարտադիր ֆիզիկական շփումից» եւ փորձել պաշտպանել մտերիմներին՝ նրանց հետ խոսելով հեռախոսով կամ համացանցի միջոցով: |news.am|


13:45- Թեհրանի նահանգապետ Մոխսենին հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի աճի տեմպերի կրճատման մասին: Ըստ նրա՝ եթե մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու աճը կազմել է 7 տոկոս, ապա մարտի 20-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 4,9 տոկոսի:


13:40- Nissan Motor ճապոնական ավտոարտադրող կոնցեռնը դադարեցրել է արտադրությունը Բարսելոնայի իր գործարանում եւ կասեցրել շփումը 3 հազար աշխատակիցների հետ:


13:30- 76 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ռեալ Մադրիդի նախկին նախագահ Լորենսո Սանսը։ Նա նախագահել է 1995 – 2000թթ, այդ ժամանակ ակումբը 2 անգամ կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող։


13:20- Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել է ստեղծել օդային խումբ, որը մարտի 22-ից սկսած արագացված կարգով Իտալիա կտեղափոխի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրվելիք օգնությունը։ Իտալական կողմի պատրաստ լինելուն պես, ՌԴ ռազմա–տրանսպորտային օդանավերը Իտալիա կտեղափոխեն ռուս ռազմական մանրէաբանների ու բժիշկների 8 մոբիլ խումբ, տրանսպորտի ու տարածքների օդային ախտահանման համար նախատեսված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև՝ բժշկական սարքավորումներ։ [ՌԴ ՊՆ]


12:30- Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա. այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է մեկնարկեր շվեյցարական Լոզան քաղաքում մայիսի 8-24-ը։ Դեռևս հայտնի չէ՝ աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարի, թե ոչ:


12:20- Վրաստանի նախագահի որոշումը երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին չի սահմանափակում կրոնական ազատությունը, որի մասն է կրոնական ծիսակարգերին մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Արչիլ Թալաքվաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գործողություններ կիրականացնի ոստիկանությունը, եթե ուղղափառ եկեղեցիներում հավաքվի ավելի քան 10 մարդ: Նա նշել է, որ նախագահի որոշման մեջ ասվում է հավաքները սահմանափակելու մասին, սակայն չի սահմանվում ինչ-որ հստակ թիվ՝ 10, 15 կամ 20 մարդ։ |news.am|


11:10- Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած է համարվում արդեն 3 մարդ: Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ: |aliq.ge|

10:50- Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են փողոց դուրս գալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

10:40- Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է մոտ 800 մարդ, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825-ի։ Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը: Այս մասին հայտնել է երկրի Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:



Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել