Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում
 |news.am|
12:30 - 22 մարտի, 2020

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերում կրոնական ծիսակարգերին․ պարզաբանում |news.am|

news.am: Վրաստանի նախագահի որոշումը երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին չի սահմանափակում կրոնական ազատությունը, որի մասն է կրոնական ծիսակարգերին մասնակցությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Արչիլ Թալաքվաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ գործողություններ կիրականացնի ոստիկանությունը, եթե ուղղափառ եկեղեցիներում հավաքվի ավելի քան 10 մարդ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Թալաքվաձեն նշել է, որ նախագահի որոշման մեջ ասվում է հավաքները սահմանափակելու մասին, սակայն չի սահմանվում ինչ-որ հստակ թիվ՝ 10, 15 կամ 20 մարդ։

«Համաձայն նախագահի որոշման՝ կրոնական ազատությունը չի սահմանափակվում։ Համապատասխանաբար, այս շրջանում կրոնական ծիսակարգերում մասնակցությունը նրանց իրավունքների մասն է»,-ասել է Թալաքվաձեն։

Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակի խոսքով՝ նա հույս ունի, որ Վրացական ուղղափառ եկեղեցին եւ այլ կրոնական կազմակերպությունները կօգնեն իշխանություններին միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։

Նա հավելել է, որ առաջիկայում բնակչության առողջությունը պաշտպանելու համար կպահանջվի սահմանափակել մյուս քաղաքացիների իրավունքները, որը կիրականացվի լրացուցիչ որոշմամբ։

Այսօրվանից Վրաստանում մեկամսյա ժամկետով՝ մինչեւ ապրիլի 21-ը, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։ Վարչապետ Գեորգի Գախարիան պարզաբանել է, որ, չնայած դեռեւս չի սահմանվում համընդհանուր կարանտին, կարգելվեն ավելի քան 10 մարդու ներկայությամբ հավաքները։ Նա նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին երեղեցիներում ծառայություն անցկացնելու մասին եւ նշել, որ սահմանափակումները վերաբերում են բոլորին։

Մինչդեռ հայտնի է դարձել, որ կիրակի բազմաթիվ եկեղեցիներում պլանավորվում է անցկացնել կիրակնօրյա ծառայություն։ Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցկացնեն պատարագ հավատացյալների միջեւ սոցիալական տարածությունն ապահովելու պայմանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել