Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը
 |news.am|
18:28 - 23 մարտի, 2020

Մարտի 24-ից Վրաստանում արգելվում է երկրի քաղաքների միջեւ ուղեւորների հաղորդակցությունը |news.am|

news.am: Վրաստանի կառավարությունը երկրի ներսում կորոնավիրուսի փոխանցման դեպքի հետ կապված նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա, փոխանցում «Նովոստի-Գրուզիան»:

«Նոր կարգադրությունը, որը վերաբերում է քաղաքների միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությանը, ուժի մեջ է մտնում այսօր կեսգիշերին: Այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ են երկրի տարածքում համաճարակի տարածման արագությունը կասեցնելու համար»,- ասել է Չիկովանին:

«Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ Վրաստանի բնակիչներին կոչ եմ անում տանը մնալ եւ փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Մենք այսպիսի գործողություններով կպաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ մեր շուրջը եղած բոլորին»,- ընդգծել է կառավարության մամուլի խոսնակը:

Մարտի 21-ին Վրաստանում մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 21-ը արտակարգ դրություն էր հայտարարվել: Մարտի 23-ից խիստ կարանտին է հայտարարվել երկրի 2 շրջաններում՝ Մառնեուլիի եւ Բոլնիսի, քանի որ այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված կնոջ, որի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել: Մառնեուլիում բացվել է դաշտային հիվանդանոց: Կարանտինային շրջանների բոլոր բնակիչներին առաջիկայում կստուգեն կորոնավիրուսի ախտանիշների առկայությունը պարզելու համար: Կառավարությունը խոստանում է անցկացնել զանգվածային թեստավորման ծրագիր:

Փետրվարից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 54 մարդ, որոնցից 8-ն առողջացել է, 5-ն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, 3-ին նախատեսում են դուրս գրել այսօր երեկոյան: Կարանտինում է 3 254 մարդ, ստացիոնարում՝ 233:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել