Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ
 |tert.am|
18:58 - 23 մարտի, 2020

Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերվել է կորոնավիրուով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես, և այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը:

Վերջինս կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում ՀՀ ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի՝ նշելով, թե առաջին փուլը սկսվել է փետրվարի 23-ից՝ մինչ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը։

«Այդ փուլի իրականացման համար ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում էին այն միջոցառումներն ու ուժերը, որոնք պետք է դրանք իրականացնեին: Կատարվել է Իրանից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ»,-ասաց Մհերյանը՝ նշելով նաև, որ այս պահին էլ Իրանից եկող բեռնատարների ուղեկցում է կատարվում:

Երկրորդ փուլի գործողությունները ներկայացնելով՝ Մհերյանն ասաց, որ դրանք սկսվել են, երբ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: «Այդ պահից մեկուսցվածների տեղաբաշխման վայրերն ավելացան ևս 10-ով: Այդտեղ ևս կայուն պահակակետերի միջոցով իրականացնում էինք պահպանությունը»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ Ոստիկանությունն իրականացնում է նաև ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողություն՝ հեռախոսակապի միջոցով. օրական 4 ժամը մեկ կապ է հաստավում ինքնամեկուսացված անձի հետ՝ ապահովելով նրա կապը Առողջապահության նախարարության և Ոստիկանության միջև, իսկ անհրաժեշտության դեպքում Առողջապահության նախարարության մասնագետը մոտենում է տվյալ հասցե: 

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին՝ պարետի ցուցմամբ Ոստիկանության ներկայացուցիչները որոշ ԶԼՄ-ների և անհատ օգտատերերի հորդորել են հեռացնել այն տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից:

Նրա խոսքով՝ պարետի ցուցմամբ՝ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նաև հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ սերտ համագործակցություն իրականացնելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ: «Ոստիկանությունը ցուցումն ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ տնտեսվարող սուբյեկտներին, որոնցից 1133-ը ժամանցի և զվարճանքի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Երեկվա դրությամբ 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել