Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
13:47 - 24 մարտի, 2020

Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը նշել է նաեւ բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետեւելու կարեւորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:
Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված եւ արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել