armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: Կառավարության ներկայացրած օրինագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Արդեն ջրային օրենսգրքով նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեր: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը:
comment.count (0)