Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)
00:54 - 27 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)

23։59- Մարտի 26-ին ժամը 9:00-ից 21:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21:00-ն՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում։ [ՀՀ ոստիկանություն]


23։40- Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են ուժեղացված ծառայություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]


21:36- Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Առաջարկում ենք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: [Կադաստրի կոմիտե]


21:10- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ.  ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2698:
[ՀՀ ֆինանսների նախարարություն]


20:45- ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: 
Բացառություն կարվի.
- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
[Աշոտ Ահարոնյան]


19:50- Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 635 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ [Աշոտ Ահարոնյան]


19:30- Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ: [Նաիրի հանգստյան տուն]


19:25- 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով: [ՀՀ ՊՆ]


19:15- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]


18:50- Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները: [ՀՀ կառավարություն]


18։01- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

17։44-  Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը: [ԵՊԲՀ]

 

17։40- Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:  
|news.am|

 

17։37- Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է` ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի։ Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր: [ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան] 
|armenpress.am|

 

17։16- Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

17։03- Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ։ [Երևանի քաղաքապետարան]

 

16։59- Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով 100,000 դրամի սահմաններում։

 

16։19-  Արձագանքելով ԿԳՄՍՆ-ի կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։ Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց: [Թումո]

 

16։17- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ [ԿԲ]

 

15։50- Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։
📍 Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.
✔️Ջրամատակարարում
✔️Ջեռուցում
✔️Հյուրանոցային համարների կահավորանք
✔️Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն
✍️ Լրացնել հետևյալ ձևաթուղթը https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։ Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ 📳 077 597 157: [Զբոսաշրջության կոմիտե]

 

15։47- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է ԱՀ ԱԺ-ի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15։45- Արձագանքելով  առաջարկին`ԿԳՄՍ կոչին՝ կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները՝ ԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:

 

15։38-  «Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ [«Նորք» ԻԿՀ ]

 

15։33-  Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս ԱՆ-ն աշխատել է բաց և թափանցիկ։ Ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

15։29- ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը ՀԷՑ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաև իրազեկում և ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխեl: [ԱԱՏՄ]

 

15։26- Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ-Մինսկ -Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by։ Դեսպանությունը պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]

 

15։21-  Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում ՀՀ տարբեր ուղղություններով։ Վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ խախտելով Պարետի որոշումը։  ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի անդամներին զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։

 

15։18- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: [ԱԻՆ տեղեկատվության վարչություն]

 

13։54- COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսային վարակի տարածումը ԶՈՒում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 

 

12։50- ՀՀ պարետի որոշմամբ՝ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։

 

12։43- Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները խոսել են հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:

 

12։31- ԱՀ հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: Ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և ՏԻՄ-երի սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։

 

12։27-  Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ՀՀ-ից դիտորդներ են մասնակցելու: Եկեք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք` դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր թեստավորվեն արագ թեստերով: Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստին] 
|pastinfo.am|

 

11։59- Կոտայքի տարածքում առանձնացվել են ժամանակավոր պահեստավորման կետեր՝ Պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով:
➡️Պարետի ցուցումով նվիրատվությունները տրամադրվելու են հասարակության թիրախային խմբերում ընդգրկված մեր քաղաքացիներին։
➡️Մարզում գործող «Նիկոլա Ինթերնեշընըլ Արմենիա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզպետարանին նվիրաբերել է իր արտադրանքի տեսականուց, որն էլ տրամադրվելու է մարզի առավել կարիքավոր ընտանիքներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

11։38-  Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումն ապահովելու համար որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

 

11։34- Երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում: Հավելվածը Ձեզ կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի աշխտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն: [Տիգրան Ավինյան]

 

11։30- ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ 
✅ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
✅առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
✅առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ 

 

11։11- Մենք մեր հիվանդանոցյային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որրևէ բուժում չեն ստանում, բայց ախտորոշված է դրական, թեթև դեպքեր են։ Գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։ Այսօր առավոտյան պրն Ավինյանի և պրն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի  թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]

 

11։05- Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]

 

10։47- ԿԳՄՍՆ-ի  ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում։ Տեսնել թանգարանների, գրադարանների ցանկը և ֆեյսբուքյան էջերի հղումները։

 

10։29-  Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր։ Գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։ Մարտի 25-ին 800 բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]

 

10։02- Հայաստանում՝ 26.03.2020թ․ ժամը 10։00-ի դրությամբ
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 290
Բուժվածներ - 18
Փաստացի բուժվողներ - 272
Բացասական թեստեր - 1440
Մահվան ելքեր - 0

 

08։55- ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե’ հիվանդության կլինիկական, թե’ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: [Արսեն Թորոսյան]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել