Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան
12:04 - 30 մարտի, 2020

Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը․ Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես նաև այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։

Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը․

- Պարո՛ն նախարար, ես մի քանի հարց ունեմ։ Առաջինը՝ Դուք նշում եք, որ զանգերը պետք է ֆիքսվեն։ Այսինքն՝ Ա բաժանորդը զանգահարում է Բ բաժանորդին և սա ամրագրվում է։ Ուզում եմ հասկանալ սրա նպատակը, եթե մարդիկ իրենց տներում նստած միմյանցից հետ խոսում են։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆիքսելը, եթե տեղաշարժ չկա։ Պարզապես 2 հոգի իրենց համար զրուցում։ Երկրորդը՝ ինչպե՞ս եք պատրաստվում բաժանորդների տեղշարժը ֆիքսել։ Գոյություն ունի 2 տարբերակ․ մեկը GPS-ի միջոցով է։ Մենք գիտենք, որ մեր բնակիչների որոշ մաս օգտվում է սովորական հեռախոսներից, որը չունի GPS համակարգ կամ սմարթֆոնները, որոնց GPS համակարգն անջատված է։ Երկրորդը տրիանգուլացիայի մեթոդով է, երբ անտենայի միջոցով 3 անտենայի հատման կետը ֆիքսվում է և հատման կետով մոտավորապես ֆիքսվում է, թե որտեղ է գտնվում հաճախորդը։ Սակայն յուրաքանչյուր անտենայից 550 մ է լինում հեռավորությունը և կենտրոնը հատման լինում է 150 մ շառավղով հատված։ Այսինքն՝ սա շատ լայն հատված է և հնարավոր չէ կոնկրետ ֆիքսել, թե ով է այդ հատվածում բաժանորդը։ Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ մեթոդով եք դուք կոնկրետ ֆիքսելու մարդկանց տեղաշարժը, որպեսզի այն նպատակին ծառայի օրենքը, որի համար բերել եք։

- Ժամը, զանգերի կատարման սկիզբը և այլն ֆիքսվում են նրա համար, որ, գիտեք՝ 14 օրվա ժամկետն է ռիսկային հատվածը, երբ վարակակրի հետ շփումը կարող է որոշակի հետևանքներ առաջացնել։ Այսինքն՝ այս ինֆորմացիան անհրաժեշտ է լոկացիայի հետ մեկտեղ հասկանալու համար, թե տվյալ վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Իսկ ինչո՞ւ է պետք բոլորի ինֆորմացիան, ոչ թե կոնկրետ ինֆորմացիան։ Նախ, որ ասում եք՝ տանը նստած խոսում են, դուրս չեն գալիս։ Տանը նստած խոսելու դեպքում նաև որևէ խնդիր չկա այդ դատան վերլուծելու, բայց դատան անհրաժեշտ է, որովհետև տարբեր օպերատորների տեղեկատվությունն է հավաքվում մի տեղ։ Մի օպերատորից մյուս օպերատորին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը։

- Անպայման անդրադարձեք GPS-ի մարդկանց մոտ չունենալը, դրա անջատված լինելուն, ինչպես նաև տրիանգուլացիայի միջոցով լայն հատվածին։ Ինչպես նաև ուզում եմ հստակ նշեք՝ այդ բազան ո՞վ է կառավարելու, ո՞ւմ մոտ է լինելու և ի՞նչ անվտանգության մեխանիզմներ կան այդ ամբողջ բնակիչների բազան կառավարող կառույցի համար։

- Ինչ վերաբերում է GPS-ին ու տեղորոշմանը։ Նախ, եթե անձը վարակված է և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և կոնտակտավորների շրջանակը պարզ է, կարող է զանգ կատարվել և զանգից հետո պահանջել, որ հավելվածների օգտագործում ենթադրի։ Երբ հավելվածն է արդեն օգտագործվում, տեղորոշելը շատ ավելի հեշտ է դառնում, քան Ձեր ասած GPS համակարգով։ Ովքեր, որ սմարթֆոն չունեն, տարբեր միջոցառումներ են քննարկվում։ Կամ սմարթֆոնը պետք է տրամադրվի տվյալ անձին, որոշ դեպքերում, ով որ չունի, նշանակում է մեկուսացման, ինքնամեկուսացման այլ միջոցառումներ է ենթադրում, օրինակ՝ ոստիկանների կողմից որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացում և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել