amerikayidzayn.com: ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:
«Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն՝ ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին՝ համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով:
«Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին:
Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին:
Բացի Հայաստանից, տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 1,7 միլիոն դոլար օգնություն կստանա Ադրբեջանը և 1,1 միլիոն դոլար՝ Վրաստանը:
comment.count (0)