«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը
Չորս տարի առաջ այս օրը՝ 2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Հայաստանն արթնացավ պատերազմի լուրով:
Այդ պատերազմը չհասավ իր բուն նպատակին, թեև պայմանավորված էր Հայաստանի այն ժամանակվա ազգադավ ղեկավարության հետ, քանի որ ձախողվեց մեր սպաների ու զինվորների անձնազոհ դիմադրության շնորհիվ: Ցավոք սրտի, դրա համար վճարեցինք մարդկային ու տարածքային կորուստներով:
Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար դարձավ անկախության վերականգնումից ու Արցախի ազատագրումից հետո ապրած կյանքի ջրբաժան՝ մնալ կիսագաղութային վիճակում, շարունակել Արցախի կեղծ անկախության վտանգավոր թատրոնը, թե վերագնահատել անցյալը, պատժել ազգադավներին ու ոճրագործներին և ազատագրվել ու ավարտին հասցնել Արցախի դե յուրե միացումը:
Մինչ օրս Հայաստանը չի կատարում այս ընտրությունը: Սակայն պարտավոր է կատարել, որպեսզի ապրի և լինի ազատ ու արժանապատիվ:
Այդ ընտրության կենսական կարևորությունը էլ ավելի ակնառու է դառնում ներկայումս ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին, գոյութենական որոշումների կայացման մարտահրավեր նետած նոր կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում:
Մինչդեռ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական ուժը մնում է ջրբաժանից այն կողմ և ամեն կերպ խուսափում է ճակատագրական ընտրության որոշում կայացնելուց: Համառորեն մնում է անցյալի ու ներկայի միջև և քայլ չի կատարում դեպի ապագան:
Այդպիսի մոտեցումն էր, որ հանգեցրեց մահաբեր համաճարակի պայմաններում ս.թ. մարտի 31-ին Արցախում ընտրություններ կատարելու և դրան բանակի մասնակցությունը թույլ տալու որոշմանը:
Այժմ էլ տեսնում ենք, որ մեզ մի նոր փորձություն է սպասում: Եվ այդ փորձությունն արդեն կարող է աղետալի լինել. Արցախում այսպես կոչված նախագահական ընտրությունները չեն ավարտվել առաջին փուլով և ս.թ. ապրիլի 14-ին պետք է անցկացվի երկրորդ փուլ:
Առանց չափազանցության ստիպված ենք պնդել, որ այն կարող է ունենալ Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ:
Արձանագրում ենք, որ համաճարակի ծավալման ժամանակ նման քայլը հավասարազոր կլինի գիտակցված դավաճանության:
Համաճարակը բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս ակնհայտ է դարձրել, որ հատկապես պաշտպանական և պարենային անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Արցախը ներառող միասնական տարածքով և միասնական կառավարմամբ:
Կյանքի իրավունքի պահանջով ՀՀ իշխանությունը պարզապես պարտավոր է հետ կանգնել իր որդեգրած փակուղային ընթացքից և անցնել ջրբաժանը, այդ թվում՝ չեղարկել ս.թ. ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունների 2-րդ փուլը, Արցախում ևս հայտարարել արտակարգ դրություն և Արցախը ներառող միասնական կառավարմամբ զուգահեռաբար լուծել մեկ պետության կայացման ու համաճարակի դեմ պայքարի խնդիրները»:
comment.count (0)