Դատական համակարգում գրանցվել են դրական փոփոխություններ, նվազել են նիստերի լուսաբանման սահմանափակման անհիմն դեպքերը
11:49 - 03 հունիսի, 2019

Դատական համակարգում գրանցվել են դրական փոփոխություններ, նվազել են նիստերի լուսաբանման սահմանափակման անհիմն դեպքերը

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն ամփոփ զեկույց է ներկայացրել դատական նիստերի լուսաբանման ազատության վերաբերյալ.

««Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունը, համագործակցելով Բարձրագույն դատական խորհրդի հետ, 2018 թվականին մասնակցել է Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների մշակմանը։ Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները ուժի մեջ են մտել 2019 թ․-ի հունվարից։

Կանոնների ընդունումից հետո «Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունն իրականացրել է մշտադիտարկում տվյալ կանոնների կիրառման, ոլորտում առկա խնդիրների և փոփոխությունների վերաբերյալ։ Մշտադիտարկումը իրականացվել է դատական նիստերը լուսաբանող լրագրողների հետ պարբերական կապի միջոցով։
Մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ ընդունված կանոններն ամբողջությամբ չեն գործում, և ոլորտում աշխատող լրագրողների և դատավորների շրջանում տվյալ կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն կա։

Մշտադիտարկման ընթացքում ձեռք բերված փաստերից կարող ենք հանգել հետևյալ եզրակացության․ ոչ բոլոր դատավորներն են առաջնորդվում վերոնշյալ կանոններով, շատերը շարունակում են իրենց նախկին աշխատելաոճը։ Այնուամենայնիվ, դատական համակարգում գրանցվել են նաև դրական փոփոխություններ, նվազել են նիստերի լուսաբանման սահմանափակման անհիմն, ոչ պատճաշ պատճառաբանված դեպքերը։
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս արձանագրել է լրագրողների բողոքն առ այն, որ դատարանի ապակեպատ դահլիճներում վատ լսելիություն է լինում, և հնարավոր չի լինում լուսաբանել նիստը ըստ պատշաճի։

Նմանատիպ խնդիր է առաջացել նաև մայիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քննվող Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում։ Դատական նիստը լուսաբանող լրագրողները պահանջել են ապահովել լավ լսելիության, հակառակ դեպքում հրաժարվել են լուսաբանել նիստ։ Որոշ ժամանակ անց լրագրողները դատարանի թույլտվությամբ դուրս են եկել ապակեպատ սրահի հետևից և նիստը լուսաբանել նիստերի դահլիճից։

Փաստորեն, ապակեպատ դահիլճներում դեռևսը լուծված չէ լրագրողների և նիստի ներկա այլ անձանց համար պատշաճ լսելիություն ապահովելու խնդիրը և լրագրողների աշխատանքը փաստորեն կախված է դատավորի հայեցողությունից։

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևել և արձանագրել դատական նիստերի ժամանակ լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերը։ Կազմակերպությունը կոչ է անում․
Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից՝ առաջնորդվելով Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոններով։ Ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը։

Բարձրագույն դատական խորհրդին՝ հետևողական լինել, որ Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները գործեն բոլոր դատարաններում՝ առանց բացառության։
Լրատվամիջոցների խմբագիրներին և լրագրողներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և առավել մանրամանս ծանոթանալ Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոններին», - ասված է զեկույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել