Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է․ խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը |hhpress.am|
15:34 - 03 ապրիլի, 2020

Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է․ խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը |hhpress.am|

hhpress.am: Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը։

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին որոշումը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով։ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ավտոմոտոսպորտի դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ փոփոխությունների են ենթարկվել թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակը եւ թե՛ գործնական քննության՝ վարումների վայրերն ու ժամանակահատվածը։

Տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18—ին։ Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել արդեն 2 փուլով, վարում ավտոդրոմում եւ քաղաքային պայմաններում՝ ընդհանուր առմամբ 40 րոպե տեւողությամբ։ Գործող օրենքն, ըստ Արտաշես Ստեփանյանի, խնդրահարույց էր նաեւ այս առումով։

Ավտոդրոմ չլինելու պատճառով վարորդներն անցնում են քաղաքային վարման։ Նորից նույն սկզբունքն էր, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից գումար վճարել, դարձյալ հանձնել քննությունը եւ այդպես շարունակ, ինչն, ըստ նրա, որոշակի կոռուպցիոն գործընթաց է պարունակում։ Ավտոդպրոցի տնօրենը նկատեց՝ գործող օրենքները, նախկին հարցաշարերը համահունչ չեն այսօրվա մեքենաների պայմաններում երթեւեկության կազմակերպմանը։

Եթե մեքենան մեծ արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորքն» է, այլ մեքենայի։ Վարորդը պետք է կարողանա արգելակել մեքենան, ինչն անելու համար պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր, եւ միայն երթեւեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր նախագիծը, ըստ Ա. Ստեփանյանի, դրական փոփոխություն կարելի է որակել, քանի որ բխում է անվտանգ երթեւեկության կանոնների պահպանման կարեւոր գործոնից. «Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթեւեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթեւեկության կանոնները մեկ անգամ սովորեն, էլ երբեք չեն մոռանա։ Իսկ նոր հարցաշարերը փոփոխությունների են ենթարկվել անհիշելի ժամանակներից, եւ ժամանակի պահանջ էր նոր կարգ սահմանելը»։

Արդյոք, վկայականների ստացման գործող համակարգը թերի էր, եւ խստացումները թույլ կտան առավել բարեխիղճ մոտենալ քննական պրոցեսին... «Հայաստանում վարորդական իրավունքների տրման կարգը արդեն վաղուց էր հնացած, իսկ հարցաշարերը չափազանց հին էին, բացի այդ, նոր կարգը բխում է նաեւ ԵԱՏՄ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում առկա պարտավորություններից նաեւ վկայականների տրման առումով։

Եթե այդ պարտավորությունները չկատարվեն, մեր վարորդական իրավունքները չեն ընդունվի օտար երկրում, եւ այն մարդիկ, ովքեր արտերկրում վարորդ են աշխատում, չեն կարողանա մեքենա վարել»,–մանրամասնեց Ա. Ստեփանյանը։

Քաղաքացիների այն մտավախությանը հակադրվելով, թե այսպիսով էլ ավելի է բարդանալու վկայականի ստացման գործընթացը եւ հավելյալ դժվարություններ է ստեղծելու քննական պրոցեսում, նա ասաց՝ դա էլ արվում է այն նպատակով, որպեսզի վկայական ստանան միայն որակյալ վարորդները. «Հայաստանում տարեկան միջինը 300 զոհ ենք ունենում ավտոտրանսպորտային պատահարներից։

Այդ պատահարների մի մասն էլ տեղի է ունենում հենց այն վարորդների մեղքով, ովքեր չեն տիրապետում մեքենա վարելու կանոններին։ Մի փոքր կդժվարանա վարորդական իրավունքի ստացման կարգը, սակայն համոզված կլինենք, որ ստացողն անվտանգ է վարելու մեքենան։ Տարիներ հետո միայն կզգանք այս ամենի դրական արդյունքը։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի վերահսկողությունը խախտումներն արձանագրելու ուղղությամբ»։

Շարունակությունը՝ hhpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել