Ուկրաիանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։
Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։
Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։
Դեսպանատնից տեղեկացնում են նաև, որ այս օրերին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։
«Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։ Պետք է նշել, որ առայժմ մենք չենք կարող երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։
Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է»,- ասված է հայտարարության մեջ։
comment.count (0)