Գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա. Հայկ Գևորգյան
 |lragir.am|
17:00 - 05 ապրիլի, 2020

Գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա. Հայկ Գևորգյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ։

Պարոն Գևորգյան, հայկական կողմը դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ Հայաստանին վաճառվող գազի գնի նվազեցման հարցը քննարկելու համար։ Ի՞նչ հնարավորություններ կան ներկայում սահմանին գազի գինը իջեցնելու համար։

Եթե նայենք զուտ համաշխարհային տնտեսական միտումներին, պետք է որ գնի նվազեցման շանսերը մեծ լինեն, որովեհտև գազի գինն աշխարհում փոխկապակցված է նավթի գնի հետ։ Եվ նավթի գների նվազման պայմաններում որոշ ժամանակային լագից հետո նվազում է նաև գազի գինը։ Այսօր նավթի գինը բավական ցածր է, պետք է որ դա բերի գազի գնի նվազմանը։ Բայց Հայաստանի դեպքում Ռուսաստանի հետ տասնյակ տարիներ ձևավորված ավանդույթներով գազի գինը ոչ թե շուկայական գներով է որոշվում, այլ կոնկրետ պայմանագրերով։ Այս պահին դժվար է կռահել, թե ինչպես կարձագանքի ռուսական կողմը ՀՀ կառավարության առաջարկին։

Պայմանագրերի վերանայման հարց պե՞տք է բարձրացվի։

Ոչ, պայմանագիրը պայմանագիր է, բայց պայմանագիրն ունի նաև հավելված։ Ըստ այդ հավելվածի՝ որոշակի պարբերականությամբ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը վերանայվում է։ Անցած տարի ռուսական կողմը սահմանին Հայաստանին վաճառվող գազի գինը 150 դոլարից դարձրեց 165 դոլար, բայց դա չազդեց ներքին սպառողի վրա։ Այսօր ռուսական ընկերությունը հայտ է ներկայացնում, որպեսզի ուշացած բարձրանա ներքին սպառողի գազի գինը։

Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի այս բանակցություններում։

Ամեն դեպքում, գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա։ Այսինքն՝ չպետք է լինի այնպես, որ դրա փոխարեն մենք ինչ-որ բան զիջենք, դա բացառվում է։ Եթե չհաջողվի բանակցությունների միջոցով հասնել նպատակին, միևնույն է, չպետք է որևէ բան զիջվի։ Եթե գազի գինը թանկացավ, ոչինչ, մենք թանկ կվճարենք, բայց դա չպետք է ներքաղաքական կամ ներտնտեսական գործարքների մեջ մտնելու առիթ տա, ինչպես եղել է ժամանակին։ Դա պետք է բացառել ի սկզբանե։

Պաշտոնական հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ հայկական կողմը բարձրացնում է գազի դիմաց ռուբլիով վճարելու հարցը։ Քանի որ ներկայում դոլարը թանկանում է, ստացվում է, որ մենք  գազի դիմաց ավելի շատ ենք վճարում Ռուսաստանին։ Որքանո՞վ է իրատեսական, որ այս հարցը կլուծվի։

Դա իրատեսական չէ, տրամաբանական է։ Դա այդպես պետք է արվի, մանավանդ, որ մենք նույն տնտեսական տարածքում ենք։ Այսինքն՝ կարող ենք օգտագործել նույն տնտեսական տարածքում գտնվող երկրներից որևէ մեկի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի արժույթը։ Եվ դա շատ տրամաբանական կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել