Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության |armtimes.com|
15:51 - 09 ապրիլի, 2020

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի:  Այս մասին տեղեկացրեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ եւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները թույլ տալուց: Խոսքը խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի մասին է: Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին:

Սրա պահանջը իրավունքը խախտող գործողությունները կանխելն է, որի շրջանակում եւս խնդրել են դատարանին ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի եւ դրա հնարավոր վնասի բացառումը: Մեր զրույցում Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից, քանի որ վերջինս 60-ից բարձր տարիքային խմբում է եւ առողջական վիճակով պայմանավորված՝ կարող է համարվել ռիսկային գոտում:

Նա մանրամասնեց, թե ինչու են ներկայացրել միաժամանակ երկու հայց՝ դիմելով թե Երեւանի ընդհանուր իրավասության, թե վարչական դատարան. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված ոչ նյութական վնասների շարքում, ի հավելումն զրպարտության եւ վիրավորանքի, տարիներ առաջ ավելացվել են խոշտանգման, ապօրինի դատապարտման եւ մի շարք այլ խախտումներ, այսինքն՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը Քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող արժեք է:

Բացի այդ, քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է դիմել ինչպես վնասի հատուցման, այնպես էլ վնասը բացառելու պահանջով, ինչն ավելի առաջնային է, հետեւաբար մենք դիմել ենք Քաղաքացիական դատարան՝ ֆիքսելով, որ անձը, ՔԿՀ-ում պահվելով, կոնվենցիոն իմաստով ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը»:

Ինչ վերաբերում է Վարչական դատարան դիմելուն, Արամ Օրբելյանն ասաց, որ անկախ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ անձին կալանավորելու որոշումից, Քրեակատարողական հիմնարկը, նաեւ Քրեակատարողական ծառայությունը ունեն պարտավարություն՝ ապահովելու իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց առողջությունը, եւ վերաբերմունքի նվազագույն ստանդարտները՝ ամրագրված միջազգային մի շարք փաստաթղթերով. «Իսկ եթե կա դատարանի որոշում՝ անձին կալանքի տակ պահելու, պետք է այլ դատարանի որոշում, որպեսզի ՔԾ-ն կարողանա կալանքի տակ չպահել, այսինքն՝ չկատարել Աննա Դանիբեկյանի որոշումը: Տվյալ դեպքում այդ դատարանը վարչական դատարանն է»:

Այլ կերպ ասած՝ հայցվոր կողմը վարչական դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչական մարմնին՝ ՔԾ-ին, ձեռնպահ մնալ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգման ենթարկելու իրավունքի հնարավոր խախտումից, իսկ Քաղաքացիական դատարանից պահանջում է բացառել այդ հնարավոր խախտման արդյունքում առաջացած հնարավոր վնասը:

Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունը, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու կամ խափանման միջոցը ժամանակավոր ընդհատելու ուղղությամբ.

«Դիմելով դատարան, մենք, ըստ էության, պետությանը տվել ենք հնարավորություն, որ առնվազն ժամանակավորապես՝ մինչեւ համավարակի, նաեւ՝ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված սահմանափակումների ավարտը, պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, եւ խոսքը չի վերաբերում միայն պարոն Քոչարյանի դեպքին. ցանկացած անձ, որ 60 եւ ավելի տարիքի է, եւ ունի ԱՀԿ-ի սահմանած հիվանդություններից որեւէ մեկը, պետք է իրավունք ունենա դիմելու եւ ստանալու համապատասխան հայցի ապահովում, որպեսզի համավարակի շրջանակում գտնվի ՔԿՀ-ից դուրս»:

Ըստ Օրբելյանի՝ այս պահին ՄԻԵԴ-ում դրա հետ կապված մի շարք խնդիրներ են քննարկվում, արդեն կա կոմունիկացիա՝ անձին Անգլիայից Ամերիկա արտահանձնելու վերաբերյալ՝ ԱՄՆ-ում համավարակի զարգացման համատեքստում. «Եւ մի շարք այլ երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, քննարկման առարկա են դառնում պահման պայմանները եւ երաշխիքները՝ անձանց ՔԿՀ-ներում պահելու, այսինքն՝ սա միայն ՀՀ-ի համար առանձնահատուկ բան չէ, առնվազն Եվրոպական,  եթե չասենք համաշխարհային խնդիր է»:

Հարցին՝ այդ հնարավոր խախտումներից զերծ մնալու եղանակը, ըստ իրենց, այս պարագայում ազատության մեջ գտնվե՞լն է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ես անձամբ դա եմ տեսնում, բայց դա չի կաշկանդում դատարանին կամ քրեակատարողական հաստատությանը այլ եղանակով դա ապահովել, ազատություն ասելով՝ նկատի ունեմ, որ ՔԿՀ-ից դուրս պետք է լինի, բայց արդյո՞ք դա դենթադրում է ամբողջությամբ ազատություն թե այլ տեսակի սահմանափակում, ես թողնում եմ պետության ընտրությանը»: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել