armtimes.com: Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության մեկնարկին զուգահեռ Շիրակի մարզպետարանն աշխատանքներ է սկսել մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Սահմանված կարգով, պահեստավորման տարածք է նախատեսվել, որտեղ հավաքվում, տեսակավորովում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։
«Ամեն ինչ արվել է և արվում է թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ Համագործակցել ենք միջազգային և տեղի տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ։ Ընտանիքներին ընտրում է եւ մարզպետարանը, եւ հենց բարերարն ու կազմակերպությունը՝ բացառելով ընտանիքի կրկնությունը: Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։
«Մեր խնդիրն այն է, որ աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչության համար պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնենք և պարենային աջակցություն տրամադրենք խոցել այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»,-ասաց մարզպետը։
Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը»: Դրանք կտրամադրվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։ Բացառելով անմիջական շփումներն ու կուտակումները՝ սննդային փաթեթները տեղ են հասցվում նախապես ձևավորված կամավորների խմբերի միջոցով։
Պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն են: Բացի սննդից, նաև մաքրող եւ ախտահանող նյութեր կան դրանցում: Նպատակ կա օգնության ձեռք մեկնել 3000-3500 ընտանիքի:
comment.count (1)
Բարեվ ձեզ ես Աննա Հարությունյան եմ ամուսնացած եմ ունեմ երեք տղա մեկ աղջիկ ապրումեմ վարձով գտնվումեմ սոցյալապես ծանր վիճակում խնդրում եմ ոքնեք ինչով կարողեք