hetq.am: Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան վերականգնելու Ավշար համայնքի դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։
Նախորդ տարվա մարտի 15-ին Արարատի մարզպետարանն իր կայքէջում հայտարարություն էր տարածել, որ հայտնաբերվել են ենթադրյալ խախտումներ, ըստ որի, List.am առքուվաճառքի կայքում դպրոցի նախկին շենքը 260 000 դոլարով վաճառելու հայտարարություն է տեղադրված։ Հայտարարությունը տեղադրվել է Ռազմիկ Գաբրիելյան օգտատիրոջ կողմից 2019 թվականի հունվարի 23-ին։
2002 թվականի հոկտեմբերի 8-ին պետության սեփականություն հանդիսացող դպրոցի նախկին շենքը սեփականության իրավունքով տրամադրվել է Ավշար համայնքին, 2007-ին Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Թեմուրի Գրիգորյանը դպրոցի նախկին շենքն աճուրդի է հանել, շենքը գնել է նրա օգնական-վարորդ Պերճ Յուրիկի Միրզոյանը: Դրանից հետո, 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Միզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, որն էլ համայնքապետ Գրիգորյանի դուստրն է։
Դպրոցի շենքի և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը, Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցումը: Այնուհետև Հասմիկ Գրիգորյանը չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալության է տվել «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ին։
Դպրոցի նախկին շենքի մասին հավաքագրված ողջ տեղեկությունը Արարատի մարզպետարանն ուղարկել է Գլխավոր դատախազություն։
Օրեր առաջ Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ Արարատի մարզի դատախազությունը դատական հայցով խնդրել է վերականգնել դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։
«Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել․
«Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին:
Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները»,- նշված էր մարզպետարանի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելին կարդացեք hetq.am-ում։
comment.count (0)