Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց
 |armtimes.com|
21:18 - 10 ապրիլի, 2020

Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց |armtimes.com|

armtimes.com: 1993 թվականից սկսած Հայաստանում առավել շատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով եւ Սարգսյան ազգանունով մարդկանց: Արմեններին՝ 303 վկայագիր, Սարգսյաններին՝ 310։ Արմեն Սարգսյանի դեպքում կրկնություններ եւս կան․ հանդիպում է 11 անգամ։

Թվերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ օգնություն խնդրելով օգտատերերից՝ թարգմանելու այդ ցուցակները ռուսերեն եւ անգլերեն, որպեսզի տվյալները տեղադրվեն իրենց նոր, եռալեզու կայքում։

Սեփական ներդրումն ունենալու համար՝ անհրաժեշտ էր սեղմել հղման վրա եւ թարգմանել այն մեկը, որը ցանկանում ենք։

Գիտական աստիճան ստացածների ցուցակում կան իրարից տարբեր 1326 անուններ եւ 2320 ազգանուններ: Նրանց մեջ էլ գերակշռում են տղաները՝ 6658-ը կամ 61․65%-ը։ Աղջիկների դեպքում պատկերն այսպիսին է՝ 38.34 % կամ 4141 հոգի։ 

Գոգյանի առաջարկած գործին շատ օգտատերեր են միացել․ ժամեր անց արդեն 6000 տվյալ թարգմանված էր։ ԲՈԿ նախագահն էլ առիթն օգտագործելով՝ նշել է․ «Քանի որ հավեսի ընկաք, շուտով հայրանուններն էլ կավելացնեմ»։

Արդեն ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների մեջ Գոգյանը ներկայացրել է նաեւ ՀՀ գիտական աստիճան ստացած հայերի եւ արտասահմանցիների ընդհանուր թվերը։ Ըստ այդմ՝ հայերից հետո, որոնց թիվն ընդհանուր 10․227 է, պարսիկներն են՝ 388, արաբները՝ 73 եւ ռուսները՝ 41 գիտական աստիճաններով։

Ավելի քիչ են վրացիները՝ 16, եզդիները՝ 7, այնուհետեւ գերմանացիները, հույները եւ օսեթները, դրանից էլ պակաս՝ հնդիկները, ղազախները, ուկրաինացիները, ասորիները եւ այլ ազգի ներկայացուցիչներ։

Գոգյանի հաջորդ գրառման մեջ հայրանուներից բացի թարգմանությունների ցանկին ավելացան նաեւ ՀՀ աստիճանաշնորհման համակարգի հետ որեւէ կապ ունեցած բոլոր կազմակերպությունների անվանումները։ 

Քիչ հետո արդեն սկսեցին երեւալ առցանց հարթակում թարգմանված տարբերակները։ Ինչպես նշում էին մեկնաբանություններում․ «Կարգին ֆլեշմոբ է կամ էլ Գեղ կանգնի, գերան կկոտրի»։

ԲՈԿ նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծվող նոր կայքը հասանելի կդառնա հաջորդ շաբաթվանից։ Այնտեղ ներառված կլինեն ինչպես արդեն գիտական աստիճան ստացած մարդկանց տվյալները, այնպես էլ այժմյան ասպիրանտների, պաշտպանողների մասին տեղեկատվություն։ Կայքում կստեղծվի նաեւ համապատասխան հարթակ եւ անհրաժեշտ միջոցներ՝ նրանց մասնագիտական քննություններն առցանց տարբերակով իրականացնելու համար:

«Քննության ժամանակ հարցատոմսը գեներացվում է պատահական կերպով, նախօրոք ընտրված հարցատոմս սովորելու կամ քննությանը չներկայանալու ձեւերը կբացառվեն»,- իր խոսքում նշեց Գոգյանը՝ հավելելով, որ այսպես ստիճանաշնորհման համակարգն ամբողջությամբ թափանցիկ է դառնում։

Նրա խոսքով՝ բուհերին առաջարկելու են, որպեսզի նոր հարթակով տվյալ քննություններն օնլայն կազմակերպեն, սակայն ստիպել չեն կարող։ Այդ ամենը կիրականացվի ցանկության սկզբունքով։

Ինչը վերաբերում է պաշտպանություններին, ապա դրանց փաստաշրջանառությանը եւս հասանելի կլինի առցանց տարբերակով։ Արտակարգ դրության պայմաններում այն հեռավար, օնլայն քվեարկությամբ անցկացնելու տարբերակ կլինի։ Ընդդիմախոսների կարծիքները եւս կերեւան առցանց։

Մյուս շաբաթվանից, կայքի բացման հետ մեկտեղ, այդ բոլոր հնարավորությունները կընձեռվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել