ԲՈԿ

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ՀՀ ԲՈԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 1993թ. մայիսի 17-ի թիվ 241 որոշմամբ, որպես Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին, իսկ ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1948-Ն որոշմամբ այն գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում որպես գործակալություն:

Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՕ-260-Ն օրենքի համաձայն 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ ԿԳՆ «ՀՀ ԲՈՀ» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ): ԲՈԿ-ի գործառույթներն ամրագրվեցին նաև 2000թ. վավերացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դեցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ: ԲՈԿ-ը հաստատում է և վկայագրով ամրագրում մասնագիտական խորհրդի կողմից` գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից` գիտական կոչման շնորհումը:

Ըստ գործող կանոնակարգի ԲՈԿ-ը իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ: Հայաստանում տրվում են գիտական աստիճանի եռալեզու վկայագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն)` համապատասխան տերմինաբանությամբ: ԲՈԿ-ի հիմնական գործառույթներն են. մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը, գիտական որակավորման չափանիշների պահպանումը, գիտական աստիճանի և գիտական կոչման պետական նմուշի վկայագրերի հանձնումը:

Ընթացիկ աշխատանքներն ընդգրկում են նաև որակավորման գործերի արխիվացումը, ատենախոսությունների թվայնացումը, Ազգային գրադարան ատենախոսությունների հանձնումը, տեղեկատվական բազայի մշակումը, պահպանումը և շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն: 

ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է հրաժարականի պատճառները

ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է հրաժարականի պատճառները

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ով հունվարի 25-ին հրաժարական էր ներկայացրել, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին։ Կարեն Քեռյանի գրառումը՝ ստորև․  «Հրաժարականիս պատճառների և նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մասով մտահոգություններս: Մտահոգություններս նոր կոմիտեի մասով: Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով 1. Հակակշիռներ են վերանում. Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա: 2. Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են: 3.  ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկականական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը: 4. Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից: Հրաժարականիս մասով. 1. Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր: 2. Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրեցի նախարարին, որոնք չէին ընդունվել: 3. Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման): Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում քան հրաժարական տալս: Հավանաբար այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ աշխատեցի այս 2 տարին, և վարչապետին՝ ինձ՝ նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, ում ևս այս ամբողջը արդեն ներկայացրել եմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև պարոն Դումանյանին՝ այս պաշտոնը զբաղեցնելու ինձ առաջարկ անելու համար, ինչպես նաև աջակցելու ու լավ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»,-նշված է գրառման մեջ։ 
15:16 - 02 փետրվարի, 2023
Խստացում, նոր նշաձող. գիտական աստիճանաշնորհման համակարգում նոր փոփոխություններ են սպասվում

 |armenpress.am|

Խստացում, նոր նշաձող. գիտական աստիճանաշնորհման համակարգում նոր փոփոխություններ են սպասվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսել է նոր փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման համակարգում: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը տեղեկացրեց, որ նոր նախագծով առաջարկում են փոփոխություններ՝ մի շարք ուղղություններով: «Օրինակ, այս պահին գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար կա երկու հնարավորություն: Պահանջներից մեկ համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի տեղական պարբերականներում պետք է ունենալ 6 հատ տպագրություն: Մյուս դեպքում պահանջվում է 3 հատ տպագրություն ունենալ, որից մեկը պարտադիր պետք է լինի գիտատեղեկատվական միջազգային հարթակում, օրինակ, «Web of Science»-ում: Այսօր հումանիտար թևում, ըստ էության, միշտ օգտվում են 6 հատ տեղական պարբերականներում տպագրություն ունենալու հնարավորությունից: Հիմա, առաջարկվող փոփոխություններով, բոլոր դեպքերում գիտատեղեկատվական միջազգային հարթակում տպագրված աշխատանք ունենալը պարտադիր է լինելու»,-ասաց Կարեն Քեռյանը: Ներկայացնելով Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի փորձը՝ Կարեն Քեռյանը նշեց, որ իրենք գնացել են գիտությունը միջազգայնացնելու ճանապարհով, ինչը պետք է արվի նաև Հայաստանում: Նոր փոփոխություններով՝ ըստ ԲՈԿ-ի ղեկավարի՝ խստացումների, նոր նշաձող սահմանելու հետ գործ ունենք: «Ակնկալում ենք, որ արդյունքում հայցորդները ավելի շատ ֆինանսավորման հնարավորություն կունենան, նրանց աշխատանքները կլինեն առավել որակյալ: Հիմա մենք տեսնում ենք, որ գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելանում է, այս համատեքստում շատ կարևոր է գործնականում որակյալ աշխատանք ունենալը: Հակառակ պարագայում պարզապես ֆինանսավորումը բարձրացնելը մեզ ոչ մի տեղ չի տանի»,-ասաց Կարեն Քեռյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մասնագիտական հանրությունը նույնպես ցանկանա մեկ քայլ առաջ գնալ և դա տեսանելի լինի ամեն մակարդակում՝ լինի գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, գիտական ղեկավար, թե մասնագիտական խորհուրդ: Նախագիծն արդեն պատրաստ է և շատ շուտով այն կներկայացվի հանրային քննարկման:
17:23 - 21 նոյեմբերի, 2022
«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|

«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։ «Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը: Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ «Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը: Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ «Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։ Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Գերադասությունը պետք է տրվի որակին. եթե որակ չկա, այդ քանակը հարց չի լուծում։ Միևնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները և խոչընդոտները»: Բարեփոխումներն այլընտրանք չունեն Դիտարկմանը՝ արդյո՞ք հայաստանյան գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին, Կարեն Քեռյանը պատասխանում է, որ միջազգային չափանիշներին հասնելն այլընտրանք չունի․ «Կարևոր է այսօրվա աշխարհում գործող չափանիշներին համապատասխանելը: Գիտական տարբեր խմբեր ու գիտնականներ մրցունակ են միջազգային ասպարեզում, բայց մեր իրականության մեջ կան նաև ղեկավարներ, որոնք ունեցել են տասնյակներով ասպիրանտներ, սակայն չունեն որևէ հոդված «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Այն, ինչ չի անում ղեկավարը, ասպիրանտին ավելի դժվար կլինի անել։ 2018 թվականից դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պայմաններից է «Scopus»-ում կամ «Web of Science»-ում հրապարակված 5 հոդվածը՝ բացառությամբ հայագիտության բնագավառի: Գուցե հենց դրանով պայմանավորված՝ դոկտորականների պաշտպանությունների թիվը կտրուկ նվազել է: 2010-2018 թվականներին եղել է տարեկան մոտ 40 պաշտպանություն, վերջին տարիներին՝ 6-10: Ի վերջո, պե՞տք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը և բավարարենք միջազգային պահանջներին, թե՞ մնանք նույն կետում»: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:05 - 02 օգոստոսի, 2021
Ցանկանում էի համակարգը փոխել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին․ Սմբատ Գոգյան

Ցանկանում էի համակարգը փոխել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն։ Շատ են, շատ-շատ։ Տասնյակ մարդկանց հանեցի մասնագիտական խորհուրդների կազմերից, սակայն ոչ մեկի անունը բարձրաձայն չհնչեցրի։Աճեմօղլուն իր հայտնի գրքում գրում է ինստիտուտների կարևորության մասին։ Միայն և միայն ինստիտուտների։ Ազարյանը գրագող է, բայց դատական համակարգը այդ մտքի հետ հաշտ է։ Խնդիր չկա, թող լինի։ Ես էլ եմ հաշտ այդ մտքի հետ։Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։Ինչևէ։ Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն (շնորհակալություն Արմեն Ասատրյան) արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։ Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն... ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է։Ինչևէ։ Կյանքը շարունակում է։ Ես իսկապես կուզենամ, որ իմ երեխաները սովորեն Արայիկ Հարությունյանի պատկերացրած դպրոցում։ Որքան էլ զարմանալի լինի, ես Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն եմ։ Խնդիրը դրանք կյանքի կոչելու ձևերի մեջ է։ Ինձ համար կրթության կառավարումը ոչ թե տարանջատելու, այլ միավորելու հարթակ է։ Բոլորս պետք է հասկանանք, որ և՛ դաշնակցականը, և՛ հանրապետականը, և՛ քպականը և՛ լուսավորը և՛ քոականը պետք է իրար կողքի ապրեն այս երկրում։ Բոլորի կարծիքն էլ պետք է լսել, քննարկել, շատ դեպքերում համոզել։ Որոշումները պետք է կայացվեն բոլորի հետ հաշվի նստելով։ Այդ դեպքում ձևավորված նեղ «թայֆայական» խմբին չի հաջողվի մոլորեցնել նախարարին։ Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի։ Կբացվի ու ուշադիր կզննի իր շուրջը, կհասկանա, թե ումով է շրջապատված։ Կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով ինձ ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում։ Կխորանա իր մեջ ու կհասկանա, թե ինչո՞ւ այդպես եղավ, որ տապալեց Ռուբեն Հայրապետյանին (ում անվերապահ աջակցում էր), սակայն անվերապահ աջակցեց նույն իրավիճակում հայտնված Դիանա Գալոյանին։ Անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքական կապիտալի պակասորդ դեռևս չկա, բայց պրոֆեսիոնալիզմի պակասը մաշելու է այն։ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Որովհետև հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք, ու կա՛մ կմոտենամ ու կասեմ շնորհակալություն կրթական համակարգը ճիշտ ուղու վրա հանելու համար, կա՛մ էլ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես: Շատ կուրախանամ, որ հաջողես, բայց այդ ցանկությունս անձնավորված չէ, քեզ հետ չի կապված. ես ուրախանում եմ կրթության ոլորտի յուրաքանչյուր հաջողությամբ, յուրաքանչյուր նախարարի հաջողությամբ։ Ցավոք, թե՛ նախկիններից շատերը, թե՛ դու գլուխ գովալու շատ բան չունեք։ Բայց հուսով եմ՝ դու կունենաս։ Թերևս, մի քիչ պաթետիկ ստացվեց, բայց ես իսկապես ճիշտ այսպես եմ մտածում: ՀԳ. Վերջին երկու տարիներին շատ բաներ սովորեցի, բայց քչով կարողացա օգնել։ Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի։ Այսօրվանից վերադառնում եմ այն յուրայիններիս մոտ, որոնց համար օտար չեմ։ Ու ուրախ եմ, որ վերջին երկու տարիներին հարազատ յուրայիններիս ցուցակը հարստացավ մարդկանցով, որոնց չէի ճանաչի, եթե չդառնայի ԲՈԿ-ի նախագահ»։
11:43 - 25 սեպտեմբերի, 2020
Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է անցկացվել |aysor.am|

aysor.am: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ներկայացրած փաստերի հիման վրա կառավարությունում ծառայողական քննություն է կատարվել։ «Իմ ասած փաստերի հիման վրա ծառայողական քննություն է եղել։ Ինձ կանչեցին, հարցեր տվեցին։ Մոտակա օրերին որոշումը կլինի։ Քննությունը եղել է օգոստոսի վերջերին», - այս մասին ասաց Սմբատ Գոգյանը։ ԲՈԿ նախագահը, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, հայտարարելով, թե կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ «Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել՝ ներկայացնելով խնդիրները։ Դեռ այդ խնդիրների լուծումները չեմ տեսել։ Աշխատանքից ազատման հրամանի վերաբերյալ կտեղեկանանք կառավաության կայքից», - ասաց Սմբատ Գոգյանը։ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մայիսի 14-ին։
17:46 - 10 սեպտեմբերի, 2020
Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից չզրկելու, Դիանա Գալոյանին զրկելու մասին. ԲՈԿ

Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից չզրկելու, Դիանա Գալոյանին զրկելու մասին. ԲՈԿ

Բարձրագույն որակավորման կոմիտեն պարզաբանում է տարածել Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից չզրկելու, իսկ Դիանա Գալոյանին զրկելու վերաբերյալ: Դրանում ասված է. «ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Դեկտեմբերի 26-ին ստացվեց պատասխան (ստորագրված դեկտեմբերի 25-ին), որ ԲՈՀ-ը հանդիսացել է վարչական մարմին, և«ԲՈՀ-ի կողմից ընդունված վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» 67-րդ հոդվածի ուժով ենթակա են վերանայման ԿԳՆ կողմից (այժմ՝ ԿԳՆ իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից): Վերոգրյալից հետևում է, որ ԿԳՄՍ նախարարի կողմից պետք է հարուցվեր վարույթ, և կայացվեր որոշում։ Սակայն հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում է ուղարկվել պարոն Բադասյանին, և փետրվարի 10-ին ստացվել պատասխան, որ ԲՈԿ-ն իր հերթին նույնպես կարող է անվավեր ճանաչել ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Այդ պատասխանն ուղարկվել է ԲՈԿ 2020թվականի փետրվարի 19-ին, և ուղեկցող գրության մեջ նախարարը հանձնարարել է. «Ընդունե՛լ ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկե՛լ համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնե՛լ նախարարությանը»: Ուսումնասիրելով պատասխան գրությունը և ունենալով որոշակի իրավական հարցադրումներ՝ ԲՈԿ-ը փետրվարի 26-ին դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով կազմակերպել քննարկում ԿԳՄՍ նախարարի, գլխավոր քարտուղարի, իրավաբանական վարչության պետի, Գիտության կոմիտեի նախագահի և համապատասխան փոխնախարարի մասնակցությամբ։ Այդ հանդիպումն առ այսօր չի կազմակերպվել։ Ինչպես երևում է ժամանակագրությունից,ԿԳՄՍ նախարարությունն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար, մինչդեռ ԲՈԿ-ին տրամադրվել էր 4 օր (որոնցից երկուսը շաբաթ և կիրակի էին), և բնականաբար, ԲՈԿ-ը չէր կարող այդ ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում»։
14:36 - 18 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կարծիքով՝ ԿԳՄՍՆ-ի՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանի պահպանման վերաբերյալ որոշումը հնարավոր է դիտարկել դատական կարգով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գոգյանն ասաց, որ կհետաքրքվեն նաև, թե արդյոք հնարավո՞ր է կառավարությունը բողոքարկի այս որոշումը, որովհետև այն շատ սխալ և խոցելի է․ «Ընթացքի վերաբերյալ, ինչպես ասացի, նախարարից ստացել էինք գրություն՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Այսինքն, եթե սա դիտարկում ենք որպես նախարարից ստացած հստակ հանձնարարական, և եթե այն չկատարեինք, ապա մենք, և կոնկրետ ես կլինեի հանցավոր անգործության մեղավոր։ Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե դրանում ում են նկատի ունեցել՝ տիկին Դիանա Գալոյանի՞ն, թե՞ մեկ այլ անձի։ Ես՝ որպես գիտնական, կարող եմ ասել, որ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձիք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ես երբևէ թույլ չեմ տվել մեկնաբանել, քանի որ սա իմ կարծիքն է։ Եւ այդ մարդիկ, որոնք հիմա գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք և փաստացի գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործառույթներից դուրս է այդ ամենին գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկապես վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք բուհական համակարգը կհանեն այս վիճակից»։ Ինչ վերաբերում է գրագողությանը՝ Սմբատ Գոգյանը վերահաստատեց, որ սրա դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է, որովհետև, եթե իրենք թողնում են, որ գիտական կառույցներում լինեն գրագող ղեկավարներ, ապա ԲՈԿ-ն ինչպե՞ս կարող է բեկանել ատենախոսությունները, որոնց մեջ կա գրագողություն․ «Մինչդեռ մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը, և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Ե՛վ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Դիանա Գալոյանի, և՛ Գագիկ Գալստյանի դեպքում մենք ունեցել ենք վարչապետից նախարարությանն ուղղված հանձնարարություն, որոնց էլ նախարարությունը ընթացք է տվել։ Կոնկրետ Հայրապետյանի և Գալստյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով է այդ ամենն իրականացվել։ Արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնել եմ մի խնդիր, բայց ոչ մեկից դեռ պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմա՞լ է, որ մարդու դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովում ներգրավված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և այդ պահին նրա հետ գրանտային, համատեղ ֆինանսական գործունեություն ծավալող թիմի անդամը։ Այս հարցերի պատասխանը չունեմ, դա իհարկե գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը հետևում է գիտական էթիկայի կանոններին»։  Այն հարցին, թե արդյոք Գոգյանը հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՈԿ նախագահը պատասխանեց․  «Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասություններ, որոնք գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի։ Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է, և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա։ Պարբերաբար վարչապետի օգնականների և խորհրդականների միջոցով փորձում եմ հիշեցնել վարչապետին այս հարցի մասին»։ Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք այս ամենը Գալոյանի հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի դրսևորում չէ՞, Գոգյանը նշեց, որ եթե ունենար անձնավորված վերաբերմունք, չէր գրի ազաման դիմում, որից հետո, քանի որ վարչապետը չի ստորագրում այն, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։ «Ես, լինելով բավականաչափ խելամիտ անձնավորություն, հակառակը՝ կկայացնեի իմ որոշումները, հետո նոր կհեռանայի աշխատանքից։ Ես չէի պատկերացնում, որ մայիսի 14-ին, գրելով աշխատանքից ազատման դիմում, շարունակելու եմ աշխատանքի գալ մինչև այս պահը։ Պետք է միայն մի բան փաստել, որ տիկին Գալոյանը որևէ բովնադակային առարկություն չի ունեցել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ»,- եզրափակեց Գոգյանը։
18:10 - 17 օգոստոսի, 2020
ԲՈԿ-ը գիտական աստիճանից  կզրկեր  նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե  ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պատասխանում է կառույցին առնչող մի շարք հարցերի։ Մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ասվում է, որ  ՀՊՏՀ  նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում  մասնավորապես ասաց․  «Այսօր կեսօրին հրապարակվեց հայտարարություն, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է վարչական բողքները և վերականգնել է Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը։ Ես կարիք եմ զգում, որ լուսաբանեմ ձեզ։ Մինչ այս պահը երբեք ուղիղ եթեր չեմ արել, փորձել եմ կատարել իմ գործը և միայն երբեմն ֆեյսբուքյան գրառումների միջոցով եմ որոշ բաներ մեկնաբանել, բայց այժմ կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության։ Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին մի քանի շաբաթներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից, և ասեմ, որ վարչական վարույթը բավարարող 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված է։ Այսինքն մեկնաբանվում է, որ Սմբատ Գոգյանը  ռեկտորի մի նախկին թեկնածուին արդարացնում է, մյուսին՝ մեղադրում։ Դրանք հերքելու համար, պազապես մի բան կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի համանախագահն եմ եղել, և ասել ենք, որ կան արտագրություններ։ Մնացածի վերաբերյալ հիմա մի փոքր ավելի մանրամասն, ավելի իրավական մեկնաբանություններ կտամ։ Երբ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Ռուբեն Հայրաետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դա 2019 թվականի օգոստոսի 23-ն էր, կարծես թե։ Դրանից հետո նախարարությունում այսպես ասած՝ խոսակցություններ էին գնում, որ ԲՈԿ-ը պետք է զրկի Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից, և իրվաբանական վարչությունը ոչ մի հստակ բան չէր ասում։ Ստիպված գրություն պատրաստեցինք, ուղարկեցինք պարոն Արայիկ Հարությունյանին, որն էլ այն ուղարկեց  Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Գրությունն ուղարկեցինք դեկտեմբերի 9-ին և  դեկտեմբերի 26-ին պարոն Բադասյանից ստացանք պատասխան, որ ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են և ԿԳՄՍՆ-ն, որպես Կրթության և Գիտության նախարարության իրավահաջորդ իրավունք ունի ԲՈՀ-ի և ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարել։ Դա նշանակում էր,որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացներ՝ Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու  վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ։ Հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում ուղարկվեց պարոն Բադասյանին, թե արդյո՞ք ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը, դրա պատասխանը եկավ փետրվարի 10-ին, որ սկզբունքորեն այո՛, ԲՈԿ-ը նույնպես կարող է չեղյալ համարել ԲՈԿ-ի կայացրած ակտերը։ Արդարադատության  նախարարության կողմից տրված այս պատասխանը ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին, իսկ ուղեկցող նամակում պարոն Հարությունյանը ինձ է գրել բառացիորեն հետևյալը՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին օրենքով», սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Սա ստանալուց հետո, բնականաբար, ուսումնասիրել ենք «Վարչարարության մասին օրենքը», իսկ այնտեղ գրված է, որ խախտումը բացահայտելու դեպքում, որը վարչական որոշումը չեղյալ համարելու հիմք է տալիս՝ վարչական մարմինը պարտավոր է վեց ամսվա ընթացքում հարցուել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս գրությունը մենք ստացել ենք փետրվարի 19-ի ն և իմացել ենք, որ ԲՈԿ-ը  իրավունք ունի զրկել գիտական աստիճանից։ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին, եթե դրան գումարենք 6 ամիս, ստանում ենք փետրվարի 23-ը։ Այսինքն դրա համար ունեցել ենք 4 օր, որոնցից երկուսը եղել են ոչ աշխատանքային։ Բնականաբար այդ երկու օրում հնարավոր չէր լինի հարուցել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Այդ պատճառով ԲՈԿ-ը դա չկարողացավ անել, իսկ դեկտեմեբրի 26-ից ԿԳՄՍՆ-ն գիտեր, որ որպես ԲՈԿ-ի վերադաս մարմին կարող էր և պարտավոր էր նույնիսկ նախաձեռնել այդ քայլերը, բայց դա չի կատարել։ Ինչո՞ւ, որովհետև իմ կարծիքով այդտեղ կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել շատ այլ մարդկանց վրա և միգուցե որոշ մանրամասներ նրանք չեն էլ  հայտնել նախարարին և երկրորդ գրությունն են ուղարկել պարոն Բադասյանին, և փորձել էին ցայտնոտային  իրավիճակում դնել  ԲՈԿ-ին, որպեսզի  մենք կատարեինք սխալ որոշում, սակայն մենք դա չարեցինք։ Այդ գրությունը ստանալուց հետո ԲՈԿ-ը փետրվարի 26-ին նամակ է ուղարկել նախարարին, խնդրելով՝ կազմակերպել նախարարի, աշխատակազմի ղեկավարի, իմ, գիտության կոմիտեի նախագահի, համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարի և իրավաբանական վարչության պետի հետ, որպեսզի կարողանայինք ուսումնասիրել բոլոր մանրամասները, որոնք թույլ կտային բոլոր վարչական վարույթներն իրականացնել հավուր պատշաճի և գրագետ կերպով։ Տեղյակ եմ պահում ձեզ, որ փետրվարի 26-ի մեր նամակը մակագրվել է Գրիշա Թամրազյանին և առ այսօր ո՛չ մերժվել էայդ հանդիպման իրականացումը, ո՛չ էլ այն տեղի է ունեցել։ Այսինքն, եթե այդ գրությանն ընթացք տրվեր, ապա մարտ- ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչը կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու պրոցեսը, բայց, քանի որ ԿԳՄՍՆ համապատասխան աշխատողները, այդ թվում իրավաբանական վարչությունը, փոխնախարարը չեն ձեռնարկել, հետևաբար այդ պրոցեսը չի գնացել։ Երբ Ռուբեն Հայրապետյանին աստիճանից զրկելու ժամկետը տեսականորեն լրացել էր փետրվարի 23-ին, դրանից հետո միայն դատական կարգով, միայն դատարանների միջոցով կարող էր  այդ գործընթացը տեղի ունենալ, ԲՈԿ-ը կենտրոնացավ  հաջորդ ակտիվ դեպքին՝ դա Դիանա Գալոյանի դեպքն էր, ուրիշ այլ դեպքեր, երբ եղել են 2018-2019 թվականներին, դրանց ժամկետն անցել է և անցել է այն պատճառով, որ այդ ժամանակ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը չի կարողացել հստակ պատասխան տալ այդ հարցին և գիտական աստիճանից զրկելու հնարավորության մասին միակ պատասխանը ստացվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ հարցում ենք ուղարկել պարոն Բադասյանին։ Սա այն է ինչ կարող ենք ասել այն հարցի հետ կապված, այսինքն այն հիմքը,  թե Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը վերականգնվել է մասնավորապես այն պատճառով, որ ԲՈԿ-ը խտրական է վերաբերվել իր անձի հանդեպ, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ ԲՈԿ-ը կզրկեր Ռուբեն Հայրապետյանին նույնպես, եթե ունենար այդ ժամանակը, սակայն ԲՈԿ-ն այդ ժամանակը չի ունեցել, իսկ ԿԳՄՍՆ-ն ունեցել է և այդ քայլը չի կատարել»։
17:01 - 17 օգոստոսի, 2020
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Դ. Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասինԲարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին: Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են: ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ:
16:10 - 17 օգոստոսի, 2020
Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեն ներկայացրել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացի Դիանա Գալոյանի կողմից ներկայացված երկու բողոքների հիման վրա հարուցված բողոքարկման վարույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա և 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամաններին:   1. Բողոքաբերի (Դիանա Գալոյանի) ատենախոսության վերաբերյալ 1.1. Բողոքաբերի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների բազմաթիվ և մեծածավալ փոխառություններ: Ո´չ 09.07.2020թ.-ի թիվ 103Ա, ո´չ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանների վերաբերյալ բերված բողոքներում, ո´չ հանրային հայտարարություններում Բողոքաբերը երբեք չի ժխտել այս փաստերի առկայությունը, չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն: Սա կարևորագույն արձանագրում է: 1.2. Բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են: 2. ԲՈԿ-ի` կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ 2.1. Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը հանդիսանում է կոլեգիալ գործադիր մարմին, ուստի ԲՈԿ-ի նախագահն իրավունք չուներ միանձնյա վարչական վարույթ հարուցել և վարչական ակտ կայացնել: Որպես այս մտքի հիմնավորում Բողոքաբերը հղում է կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 12.06.2018թ.-ի թիվ 593-Լ որոշմամբ հաստատված ԲՈԿ-ի կանոնադրության 6-րդ կետին, ըստ որի` «ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից»: 2.2. Այս կարծիքն անհիմն է: Որևէ իրավական ակտով, այդ թվում` ԲՈԿ-ի կանոնադրությամբ, սահմանված չէ որևէ կետ, որով կնախատեսվի, որ ԲՈԿ-ը վարչական վարույթներ պետք է իրականացնի և վարչական ակտեր կայացնի կոլեգիալ կազմով: 2.3. Կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու հանգամանքը պետք է բխի որևէ հստակ իրավական ակտից, որտեղ կներկայացվի տվյալ մարմնի վարչական վարույթի առանձնահատկությունը: Օրինակ` Բողոքաբերի կողմից հիշատակված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 16.08.2019թ.-ի թիվ 102-Լ հրամանով հաստատված կանոնադրության 13-րդ կետով հստակ սահմանվում են հենց հանձնաժողովի լիազորությունները, իսկ 20-րդ կետով` նախագահի լիազորությունները: 2.4. ԲՈԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է միայն նախագահի լիազորությունների մասին, և որևէ կարգավորում առկա չէ կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ: Ավելին, կանոնադրության 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը հստակ սահմանում են` «17. ԲՈԿ-ի նախագահը`  1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր»: Այսինքն, ԲՈԿ-ի կանոնադրությունը հենց նախագահին է տալիս իրավունք հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից: 2.5. Նույնը նախատեսված է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը»: 2.6. Եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, որն իհարկե անհիմն է, ապա պետք է փաստել, որ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես կոլեգիալ վարչական մարմին է, քանի որ վերջինիս կանոնադրության 6-րդ կետը նույնպես նշում է, որ «Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները»: 3.  ԲՈԿ-ի վարչական ակտը վերանայելու լիազորության վերաբերյալ 3.1. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ: Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 3.2. Նույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` «Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը»: 3.3. Այս երկու հոդվածներում օգտագործվում է երկու տարբեր հասկացություն` «վարչական մարմին» և «վերադաս վարչական մարմին»: Ուստի, ակնհայտ է, որ դրանք կարգավորում են երկու տարբեր իրավիճակ` 65-րդ հոդվածը վերաբերում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, իսկ 67-րդը` վերադաս վարչական մարմնին: 3.4. Հնարավոր է դեպք, երբ վարչական մարմինն ընդհանրապես չունենա վերադաս վարչական մարմին: Այդ դեպքում, եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, վարչական մարմնի ընդունած վարչական ակտն ընդհանրապես վերանայել հնարավոր չէր լինի: 3.5. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` «Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը»: 3.6. Տվյալ դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև ԲՈԿ-ի կանոնադրությամբ վերջինիս առջև դրված խնդիրներից բխող անհրաժեշտությունը։ 4. Գիտական աստիճան շնորհելու ԲՈԿ-ի լիազորության վերաբերյալ 4.1. Բողոքաբերը պնդում է, որ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը, իսկ ԲՈԿ-ը հանձնում է վկայագիր: 4.2.  Ըստ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն՝ հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը»: 4.3.  Այսինքն, գիտական աստիճան շնորհելիս ԲՈԿ-ը հիմնվում է նաև որակավորման գործի ուսումնասիրության վրա: 4.4. Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի թիվ 327 որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»: 4.5. Նշված նորմերի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ գիտական աստիճան շնորհում է ԲՈԿ-ը, իսկ գրագողության դեպքերի հայտնաբերման դեպքում գիտական աստիճան շնորհելու մասին միջնորդությունը մերժվում է: 5.  Վարչական ակտի գոյությանը Բողոքաբերի վստահելու իրավունք ունենալու վերաբերյալ 5.1.  Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության` «Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի»: 5.2.  Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի` «Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա»: 5.3. Գիտական աշխատանք կատարելը ստեղծագործ գործունեություն է: Անհնար է արտատպել որևէ տեքստ, հղում չտալ հեղինակին, և չիմանալ, որ դա առանց աղբյուրի նշմամբ է: Գիտնականը պարտավոր է հետևել և իմանալ գիտական բարեվարքության  կանոնները: Առավել ևս, որ Բողոքաբերը, ինչպես նշվեց, երբևէ չի հերքել ԲՈԿ-ի կողմից հայտնաբերված գրագողության դեպքերը: 5.4. Բացի դրանից, անձը կարող է հղում կատարել վստահելու իրավունքին միայն այն դեպքում, երբ վարչական ակտով որևէ անձի վնաս չի կարող պատճառվել: Տվյալ դեպքում, գիտական աստիճանը տալիս է անձին որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Այսինքն, ունենալով գիտական աստիճան, անձը կարող է զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի իրավունքը նա չէր ունենա առանց գիտական աստիճանի: Ուստի, վստահելու իրավունքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ գիտական աստիճան շնորհելու մասին վարչական ակտի գործողության մեջ գտնվելը կարող է  վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության և այն սուբյեկտների շահերին, որոնցում սահմանված կարգի խախտմամբ գիտական աստիճան ստացած անձը պաշտոն է զբաղեցնում, այդ թվում նաև գիտական աստիճան ունենալու փաստի ուժով։ 6.  Բողոքաբերի` վարույթի մասին ծանուցված լինելու վերաբերյալ 6.1.  Սույն գործով վարչական լսումներ նշանակված էին 16.07.2020թ.-ին: ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ Բողոքաբերը իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ: Մասնավորապես, հենց վարչական բողոքում վերջինս նշել է վարչական վարույթի օրը և ժամը: 6.2. Վերջինս նաև նշել է, որ տեղեկացել է վարչական վարույթի մասին 14.07.2020թ.-ին, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք: 6.3. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ»: 6.4.  Վարչական լսումներ անցկացնելիս վարչական մարմինը պետք է հնարավորություն տա հասցեատիրոջը ներկայացնելու ապացույցներ, դիրքորոշումներ վարչական վարույթի վերաբերյալ: 6.5. Բողոքաբերն ինքն է նշել, որ իմացել է վարչական լսումների կոնկրետ օրվա և ժամի մասին, ուստի ակնհայտ է, որ վերջինս ծանուցված եղել է: Դրա հետ մեկտեղ, Բողոքաբերը վարչական լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել 10 էջանոց վարչական բողոք, ինչը նաև հստակ փաստում է, որ վերջինս քաջածանոթ էր գործին: Բողոքաբերը նաև չէր միջնորդել հետաձգել վարչական վարույթը: 6․6․ Լսումների մասին անձին ծանուցելը և վերջինիս լսելն ինքնանպատակ չէ։ Այն նպատակ է հետապնդում անձին հնարավորություն տալ արտահայտելու իր դիրքորոշումը վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։ Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, Բողոքաբերը ոչ միայն ծանուցված է եղել լսման օրվա և ժամի մասին, այլ նաև լիարժեք տիրապետել է վարույթի փաստական հանգամանքներին, քանի որ լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել մեծածավալ վարչական բողոք։ Այսինքն՝ Բողոքաբերը, լիարժեք տիրապետելով վարույթի փաստական հանգամանքներին և ծանուցված լինելով լսման մասին, որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ ընտրել է ոչ թե լսմանը ներկայանալը և իր դիրքորոշումը հայտնելը, այլ ԿԳՄՍ նախարարություն բողոք ներկայացնելը։ Նման պայմաններում Բողոքաբերը չի կարող վկայակոչել լսման մասին ծանուցված չլինելը՝ որպես ընդունված վարչական ակտի ոչ իրավաչափության հիմք։ 6.7. Հետևաբար, ԲՈԿ-ը պարտավոր էր հետևել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-ր մասին և բավարարվեր մեկ լսումով: 7. Վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ 7.1. Բողոքաբերը 15.07.2020թ.-ին ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել վարչական բողոք ընդդեմ ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա հրամանի, որով հարուցվել էր վարչական վարույթ: Ըստ Բողոքաբերի դա կասեցնում է վարչական վարույթը: 7.2.   Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ: 7.3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման մասին է։ Ընդ որում, այդ դեպքում կասեցվում է միայն վարչական ակտի կատարումը: 7.4. Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը): 7․5․ Բողոքաբերը օրենքի կամայական մեկնաբանությամբ նշում է, թե «․․․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխում կիրառվող «վարչական ակտ» եզրույթը, ըստ այդ գլխում ներառված օրենքի 69-րդ հոդվածի, կիրառելի է նաև գործողության նկատմամբ․․․»։ Այս պնդումը չունի որևէ իրավական հիմք։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):»։ Սա ընդամենը նշանակում է, որ եթե օրենքի այդ գլխում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, ապա պետք է դրա տակ հասկանալ վարչական ակտը, գործողությունը և անգործությունը։ Մինչդեռ, սա որևէ կերպ չի կարող նշանակել, որ եթե այդ գլխում օգտագործվում է «վարչական ակտ» հասկացությունը, ապա դրա տակ պետք է հասկանալ նաև գործողությունն ու անգործությունը։ Օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, որի դեպքում այս հոդվածի կարգավորումները կիրառելի են թե՛ վարչական ակտերի, թե՛ գործողությունների և թե՛ անգործության նկատմամբ։ Դրան հակառակ, Բողոքաբերի վկայակոչած 74-րդ հոդվածում օգտագործվում է միայն «վարչական ակտ» հասկացությունը, հետևաբար, այդ հոդվածով նախատեսված կասեցումը կիրառելի է միայն վարչական ակտերի նկատմամբ, որպիսին, ինչպես արդեն նշվեց, թիվ 103Ա հրամանը չի հանդիսանում։ Այս դիրքորոշման օգտին է խոսում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նույն գլխի 71-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ տարանջատված են «վարչական ակտ», «վարչական մարմնի գործողություն» և «վարչական մարմնի անգործություն» հասկացությունները։ 7.6.  Հատկանշական է, որ 15.07.2020թ.-ի վարչական բողոքում հենց Բողոքաբերն է միջնորդել ԿԳՄՍ նախարարին կասեցնելու վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ ԲՈԿ-ի հրամանի կատարումը: Եթե, ըստ Բողոքաբերի, իր բողոքն ինքնաբերաբար կասեցնում էր վարչական վարույթը, ապա ինչու՞ էր ինքն այդպիսի միջնորդությամբ դիմել նախարարին: 8. ԲՈԿ-ի նախագահի բացարկի վերաբերյալ 8.1. ԲՈԿ-ի նախագահի բացարկի որևէ հիմք առկա չէ: Սակայն, եթե Բողոքաբերը գտնում է, որ այդպիսի հիմքեր առկա են, պարտավոր էր դրանց մասին հայտնել վարչական վարույթի ընթացքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որևէ հիմքի առկայությունը»: 8.2.  Սակայն, վարչական վարույթի ընթացքում Բողոքաբերը չի ներկայացրել բացարկի որևէ միջնորդություն: Դա այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշվեց, 15.07.2020թ.-ին 10 էջանոց բողոք է ներկայացրել ԿԳՄՍ-ին: 8.3. Եթե Բողոքաբերին հայտնի են եղել որոշակի հանգամանքներ, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք էին հանդիսանում, վերջինս պարտավոր էր ներկայացնել համապատասխան միջնորդություն: Վարչական վարույթից հետո բացարկի հիմքերի մասին Բողոքաբերը կարող է հղում կատարել միայն այն դեպքում, երբ հիմնավորում է, որ այդ բացարկի հիմքն իրեն հայտնի չէր: Տվյալ դեպքում, հենց 15.07.2020թ.-ի բողոքում Բողոքաբերը նշում է փաստեր, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք են հանդիսանում: 9. Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ 9.1. Ըստ Բողոքաբերի` 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ.-ի թիվ 50-Լ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 05.02.2020թ.-ի եզրակացությունը: 9.2. Դա սխալ մեկնաբանություն է: ԲՈԿ-ը չի հիմնվել մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վրա, անցկացրել է ինքնուրույն հետազոտություն: Դա փաստվում է նրանով, որ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանում առկա են մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող հիմքեր: 9.3.  Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ զուտ արձանագրվել են որոշակի փաստեր, որոնք հիմք են հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար: Անկախ այդ հանձնաժողովի եզրակացության հետագա գնահատականից (առավել ևս, որ եզրակացությունը չի բողոքարկվել), այն պետք է դիտարկել որպես վարչական վարույթ հարուցելու հիմք, սակայն ոչ երբեք վարչական ակտ կայացնելու հիմք: 9.4.      Վարչական ակտը կայացվել է ԲՈԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա, որը փաստել է, որ Բողոքաբերի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: Այդ փաստն օբյեկտիվ գոյություն ունի անկախ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վիճարկման հանգամանքից: 9․5․ Բողոքաբերի վկայակոչած՝ թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործով կայացված դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կարող է բողոքարկվել և բեկանվել, ուստի կարիք չենք տեսնում անդրադառնալու դրան։ Ընդ որում, կրկին ընդգծենք, որ Բողոքաբերի վերաբերյալ եզրակացությունը չի բողոքարկվել։ 10.     Հայեցողականության և կամայականության արգելման վերաբերյալ 10.1.  Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը խախտել է կամայականության արգելքի և հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքները, քանի որ այլ ատենախոսությունների դեպքում համանման գործընթաց չի նախաձեռնել: 10.2.   Նախ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Տվյալ դեպքում, Բողոքաբերը որևէ կերպ չի հիմնավորել իր կողմից վկայակոչված գործերի և իր գործի տարբերակիչ հիմքերի բացակայությունը։ 10.3. Բողոքաբերին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելիս ԲՈԿ-ը չուներ հայեցողություն: Վերջինս պարտավոր է անվավեր ճանաչել վարչական ակտը, եթե բացահայտում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 11-րդ կետի խախտումներ, այն է` առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: 10.4.   Սա ինքնին արդեն բավարար է, որպեսզի Բողոքաբերի այս դատողությունը մերժվի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԲՈԿ-ը պարտավոր էր այդ երկու դեպքում էլ որոշում կայացնել նշված երկու անձանց գիտական աստիճանի շնորհումը վերացնելու մասին, Բողոքաբերը չի կարող դա վկայակոչել ի պաշտպանություն իրեն: Անձը չի կարող պահանջել իր հանդեպ կիրառել այն սխալ վարքագիծը, որը վարչական մարմինը կիրառել է այլ անձի նկատմամբ: Անձը կարող է պահանջել իր նկատմամբ կիրառել հայեցողական իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Իսկ, տվյալ դեպքում ԲՈԿ-ը, ինչպես նշվեց, հայեցողական լիազորություն չուներ: 10.5.   Ինչ վերաբերում է այդ գործերին, ապա պետք է նշել,  որ ԲՈԿ-ն իրականացրել է բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ էին համապատասխան վարչական վարույթ սկսելու համար, այդ թվում` ԿԳՄՍ նախարարության միջոցով դիմել էր արդարադատության նախարարությանը, ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգադրությունը և այդ գործերով եզրակացությունները ստանալուց հետո դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը` խնդրելով իրականացնել քննարկումներ, սակայն ԿԳՄՍ-ի անգործության պատճառով համապատասխան վարչական վարույթներ նախաձեռնելու համար վեցամսյա ժամկետը լրացել էր: 10.6. Դրանից հետո միայն ԲՈԿ-ը որոշել է ինքնուրույն իրականացնել շնորհված գիտական աստիճանների առնչությամբ վարչական վարույթները: Այս դեպքը Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, և վերադաս վարչական մարմինը պետք է դա հաշվի առնի: Այժմ, Հայաստանի համար գերակա շահ է շտկել գիտական աստիճանաշնորհման ոլորտը: 10.7. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` «Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում»: 10.8.  Նույնիսկ, եթե ենթադրենք, որ առկա է հայեցողական լիազորություն, ԲՈԿ-ը գտնում է, որ Հայաստանի գերակա շահն է նախկինում տրված գիտական աստիճանների տրման գործընթացների վերանայումը, և վերջինս մտադիր է վերջ դնել նախկինում առկա մոտեցմանը, որ ԲՈԿ-ը չի կարող վերանայել արդեն իսկ տրված գիտական աստիճանները: 11.  Սույն վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ 11․1․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե` ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը. բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին. գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի. դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: 11․2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը)պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել: 11.3․ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնց առկայությունն առնվազն կասկած է հարուցում սույն գործի առնչությամբ ԿԳՄՍ նախարարի անաչառության նկատմամբ։ Այսպես. Նախարարի կողմից 27․07․2020թ․ Կոմիտեի նախագահին է ուղղվել գրություն, որում տեղ են գտել հետևյալ դատողությունները․ «Միաժամանակ, 19.02.2020թ. դրությամբ ԲՈԿ-ը ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված Գ. Գալստյանի և 15.08.2019թ. N 449-Ա հրամանով ստեղծված Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ բողոքն ուսումնասիրած հանձնաժողովների եզրակացությունները և չի ընդունել վերջիններիս նկատմամբ նման բնույթի վարչական վարույթի հարուցման որոշումներ՝ խախտելով վարչարարության` հայեցողական լիազորությունների սահմանափակման և կամայականության արգելքի սկզբունքները:» «․․․Դուք պարտավոր էիք կասեցնել բողոքարկվող գործողությունը, մինչև վերադասության կարգով բողոքի քննարկման արդյունքում վերադաս վարչական մարմնի կողմից որոշում կայացնելը, սակայն Դուք 17.07.2020թ. N 107-Ա հրամանով, անտեսելով օրենքի պահանջը, անվավեր եք ճանաչել ՀՀ ԿԳՆ ԲՈՀ 17.02.2015թ. N 5Ա-Վ2 հրամանը։» 11.4․ Փաստորեն, նախարարը մինչև սույն բողոքարկման վարույթի ավարտը գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին։ Ընդ որում, ոչ միայն գնահատական է տվել, այլ նաև Կոմիտեի նախագահին ուղղակիորեն մեղադրել է վարչարարության մի շարք սկզբունքների խախտման և օրենքի պահանջն անտեսելու մեջ։ Հատկանշական է նաև, որ նախարարի այդ դիրքորոշումը բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում տեղ գտած մտքերի ուղղակի կրկնությունն է։ Նշենք նաև, որ մինչև սույն վարույթի ավարտը նախարարի կողմից գործի փաստական հանգամանքներին տրված գնահատականը կատարվել է հրապարակայնորեն, քանի որ նախարարի 27․07․2020թ․ գրությունը հասանելի է եղել ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցների՝ մասնավորաբար. 1.         Արսեն Բաղդասարյանին, 2.         Նաիրի Հարությունյանին, 3.         Գյուլնարա Հովհաննիսյանին, 4.         Սոնա Սարգսյանին։ 11.5․ Բացի այդ, սույն վարույթը չի կարող համապատասխանել անաչառության՝ օրենքով ներկայացվող պահանջին, նաև հետևյալ պատճառաբանությամբ․ Նախարարի թե՛ 20․07․2020թ․, թե՛ 23․07․2020թ․ հրամաններով հանձնարարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին իրականացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողությունները: Լուսինե Գրիգորյանը ևս, մինչև սույն գործի քննարկման ավարտը, հրապարակայնորեն արտահայտվել է գործի փաստական հանգամանքների մասին։ Օրինակ՝ Լուսինե Գրիգորյանը hraparak.am կայքին 20․07․2020թ․ հայտնել է հետևյալը. «Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»։ Hraparak.am-ի հարցին, թե այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Լուսինե Գրիգորյանը պատասխանել է․ «Այս պահին այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում, կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»։» 11․6․ Այսպիսով, ոչ միայն սույն վարչական վարույթն իրականացնող անձի գործողություններն են խնդրահարույց վարչական վարույթի անաչառության ապահովման տեսանկյունից, այլ նաև սույն վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողություններն են կատարվել ոչ անաչառ անձի կողմից, ինչը ևս կասկածի տակ է դնում ողջ վարույթի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ 11․7․ Վերը նշվածից ակնհայտ է, որ․ Նախարարի կողմից չի կարող ապահովվել սույն վարչական վարույթի անաչառությունը, Առկա է նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով սահմանված հիմքը։
17:58 - 03 օգոստոսի, 2020
Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից․ Դիանա Գալոյանը՝ դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու որոշման մասին

Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից․ Դիանա Գալոյանը՝ դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու որոշման մասին

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը. «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը, որը հրապարակված է նաև Դիանա Գալոյանի ֆեյսբուքյան էջում: Խորին շնորհակալություն ՀՊՏՀ խորհրդի անդամներին՝ իրենց քվեարկությամբ ինձ վստահելու համար, ՀՊՏՀ ողջ անձնակազմին՝ անվերապահ աջակցության համար և արդարամիտ ու ազնվաբարո հանրությանը՝ սադրանքներին, հերյուրանքներին ու բանսարկություններին չտրվելու, իրականությունը ճանաչելու, ճիշտ գնահատելու համար: Շնորհակալ եմ: Թող պատերազմական ներկա իրավիճակում դժգոհության տարբեր օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ բարոյական պատախանատվության տակ: Ինչ վերաբերում է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի իմ գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու կապակցությամբ ՀՀ ԲՈԿ նախագահի 2020 թվականի հուլիսի 17-ին ընդունած հրամանին, որը տարօրինակ կերպով կայացվեց մրցույթի անցկացման պահին, և որը ակնհայտորեն փաստեց վերջինիս կանխակալ վերաբերմունքը անձիս հանդեպ և բացահայտեց արդարության հանդեպ նրա խտրական պատկերացումները, ապա այն իրավական արգելք չէր կարող հանդիսանալ ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության համար: Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Ավելին, այդ հրամանի ընդունման համար ոչ իրավաչափորեն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ վարչական բողոք էր ներկայացվել իմ կողմից դեռևս ս.թ. հուլիսի 15-ին, սակայն անտեսելով այն և չսպասելով վերադասության կարգով բողոքի վերաբերյալ որոշման ընդունմանը` ԲՈԿ նախագահը հապճեպորեն, սպասարկելով խմբային շահ, ընդունել է մյուս ոչ իրավաչափ որոշումը` դրանով իսկ ակնհայտ դարձնելով այդ որոշումն ընդունելու իր անձնական շահագրգռվածության հանգամանքը: ԲՈԿ-ի նախագահի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործընթացի և դրա արդյունքում օրենսդրությամբ սահմանված իմ իրավունքների և վարչարարության սկզբունքների կոպիտ խախտումներով ընդունված ոչ իրավաչափ հրամանի վերաբերյալ իրավական գնահատականը կտան պատկան մարմինները: Ի գիտություն այդ տեղեկատվությունը տարածողների՝ իմ մասով ոչ իրավաչափորեն անվավեր ճանաչված 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանով ընդամենը հաստատվել է իմ գիտական աստիճանի շնորհումը, իսկ գիտական աստիճան շնորհելու որոշումը կայացրել է Հայ-Ռուսական համալսարանում գործող ԲՈՀ-ի 008 տնտեսագիտության մասնագիտական խորհուրդը: Եվ ինչպես ինձ ասաց իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ պայքարելը հեշտ չէ, երբեմն անհասկանալի շատերի համար, բայց դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ»:
15:31 - 18 հուլիսի, 2020
Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է  |iravaban.net|

Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է |iravaban.net|

iravaban.net: Դիանա Գալոյանի ընտրությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է։ Հարկ է նշել, որ ըստ ՀՀ կառավարության 06.10.2006թ.-ի թիվ 1718-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության 24-րդ կետի` «Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը»: Ռեկտորին ընտրում է ՀՊՏՀ խորհուրդը: ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան այսօր՝ հուլիսի 17-ին: Մրցույթին դիմել էին բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը: 2020թ.-ի հուլիսի 9-ին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել: Այնուամենայնիվ, ՀՊՏՀ խորհրդի նիստը, որտեղ պետք է ընտրվեր ռեկտորը, սկսվեց: Նիստի ընթացքում ՀՀ ԲՈԿ-ն իր կայքում հրապարակեց 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը, որով Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչվեց: Դա չկանգնեցրեց ընտրությունը և խորհուրդը շարունակեց նիստը՝ ընտրության արդյունքում` Դիանա Գալոյանին ընտրելով ՀՊՏՀ ռեկտոր: Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշում կայացնելիս ՀՀ ԲՈԿ-ն առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Այսինքն, վարչական մարմինը կարող է իր վարչական ակտը վերանայելու մասին որոշում կայացնել: ԲՈԿ-ը իմացել է այդ վարչական ակտի անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին: Նիստի ընդմիջմանը Դիանա Գալոյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ բողոքարկել է ՀՀ ԲՈԿ-ի վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:  «Երբ ԲՈԿ նախագահը տվել էր հրամանը՝ անվավերության հայցի, ես արդեն իսկ վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն և ինքը, մինչև վերադաս մարմնի կողմից չունենար իմ բողոքարկման արդյունքները, ինքն իրավունք չուներ այդ նիստն անելու։ Ես իհարկե սա նորից վերադասության կարգով կբողոքարկեմ արդեն վարչական դատարանով, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի, որովհետև օրենքն ասում է, որ եթե կա վարչական վարույթի համար ներկայացված վարչական բողոք, ինքն ավտոմատ պետք է ավտոմատ ստոպ լինի, կանգ առնի, մինչև որ արդյունքները կլինեն նախարարության կողմից»,- նշել է նա։ Սակայն այդ պնդումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի, ըստ որի «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը վարչական ակտ չէ, ուստի դրա նկատմամբ այս նորմը կիրառելի չէ: Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից: Վերոնշյալը հաշվի առնելով, պետք է նշենք, որ Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է և հավանաբար չի հաստատվի ՀՀ կառավարության կողմից:
17:03 - 17 հուլիսի, 2020
«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

news.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: «Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Նա, մինչեւ վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու: Ես, իհարկե, նորից առաջինը վերադասության կարգով, երկրորդը, վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաեւ պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչեւ կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասաց նա: Գալոյանի խոսքով, Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ինքը վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, ինքը պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը: «Կարծում եմ՝ ինքներդ էլ նկատում եք, որ մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կանլանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան դատարանը վարչական կալանքը հանում է, էսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո հաջորդ օրը, այսինքն ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը: Ես պարոն գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետեւ նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,-ասաց նախկին ռեկտորը:
16:59 - 17 հուլիսի, 2020
Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի մասով որոշում կայացվեց. նրա գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել

Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի մասով որոշում կայացվեց. նրա գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: «Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև` «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը (այսուհետ նաև` «Ատենախոսություն»), ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները ՊԱՐԶԵՑԻ I. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ 1. ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, 2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև` «Մասնագիտական հանձնաժողով»), 3. 05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ, 4. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև` «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին: II. ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»: Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» (այսուհետ նաև` «Կանոնակարգ») 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»: Ըստ Կանոնակարգի 11-րդ կետի` «Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»: Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի` «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»: Վերոնշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԲՈԿ-ը հանդիսանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության իրավահաջորդը և իրավունք ունի Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա վերանայել վերջինիս վարչական ակտերը: Վարչական ակտը կարող է վերանայվել այն պահից վեց ամսվա ընթացքում, երբ ԲՈԿ-ը իմացել է անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին: Տվյալ դեպքում, ԲՈԿ-ը իմացել է այդ փաստերի մասին Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին: Դրա հիման վրա ԲՈԿ-ը ձեռնարկել է Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել է լսումներ` Դիանա Գալոյանից գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովելու համար` ապահովելով նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ լսումների հեռավար իրականացումը: Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանի մասին իրազեկված է, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք: Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել: Արդյունքում, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, հանդիսանում է Օրենքի 63-րդ հոդվածի իմաստով անվավեր վարչական ակտ, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ: III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով` ՈՐՈՇԵՑԻ ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել, Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:
14:31 - 17 հուլիսի, 2020